Ավարտվել է Հայաստանի նախագահի այցը Հարավային Ամերիկա

Չիլիի և Հայաստանի նախագահներ Միշել Բաշելեն և Սերժ Սարգսյանը

Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի նախագահ Միշել Բաշելեի հետ, փոխանցում է նախագահի մամուլի գրասենյակը։

Մինչ այդ, Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Չիլիի ազգային հերոս գեներալ Բեռնարդո Օ’Հիգինսի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Չիլիի նախագահի նստավայրում՝ «Մոնեդա» պալատում, ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Բաշելեի հանդիպումը:

Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են հայ-չիլիական միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացման հեռանկար ունեցող մի շարք ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չիլիի միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը, կողմերի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Հեռանկարային է համարվել մի շարք ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության և հատկապես գինեգործության բնագավառում փոխգործակցությունը: Հայ-չիլիական համագործակցության ընդլայնման համատեքստում Հայաստանի և Չիլիի նախագահները ոչ պակաս կարևոր են համարել գիտակրթական, մշակութային, զբոսաշրջության ու սպորտի բնագավառներում փոխգործակցության երկուստեք խրախուսումն ու զարգացումը: Հատկապես այս ոլորտները, ըստ նրանց, կարող են նպաստել նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև ակտիվ շփումներին ու փոխճանաչելիությանը:

ՀՀ նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Չիլիի մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության կարևորագույն հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն էր` շահելով աշխարհի համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ:

Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նախագահներն ընդգծել են Չիլիում փոքրաթիվ հայ համայնքի համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումը:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահների ներկայությամբ Հայաստանի և Չիլիի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՉՀ արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այնուհետ Չիլիի Նախագահ Միշել Բաչելետի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:

Հաշվի առնելով օրենսդիր գործունեության մեջ Ալդո Կորնեխո Գոնսալեսի երկարամյա փորձը, գիտելիքներն ու բարձր հեղինակությունը՝ ՀՀ Նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի նա անձամբ նախաձեռնող լիներ հայ-չիլիական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:

Ալդո Կոնրեխո Գոնսալեսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` իր իրավասությունների շրջանակներում սերտացնելու Հայաստանի խորհրդարանի հետ կապերը:

Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան: