Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ:
Նկատի առնելով, որ Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները առողջական խնդիրների պատճառով հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ հուլիսի 9-ին երկրի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, արգենտինյան կողմի հետ բանակցությունները կայացել են Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուն դրվատանքով է խոսել արգենտինահայ համայնքի մասին, որը նրա գնահատմամբ, ոչ միայն մեծ, այլև ազդեցիկ համայնք է և մեծ դեր ունի հայ-արգենտինյան կապերի սերտացման գործում: Նա ընդգծել է, որ չնայած երկու երկրների աշխարհագրական հեռավորությանը և այն հանգամանքին, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, իսկ Արգենտինան համեմատաբար երիտասարդ, երկու ժողովուրդները ջերմ բարեկամական կապեր ունեն, և միջպետական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:
Իր հերթին Հայաստանի նախագահը ասել է․- «Արգենտինայի հետ մեր երկրի հարաբերությունները մենք շատ ենք կարևորում, և ուրախ եմ, որ հաճախ են տեղի ունենում երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մեր հարաբերությունները զարգանում են նաև բազմակողմ ձևաչափով: Մենք պատրաստակամ ենք խորացնելու հայ-արգենտինյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ուրախ եմ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը մեզ կտան այդ հնարավորությունը»:
Նախագահը ևս մեծապես կարևորել է արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերություններում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ամրապնդան գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չի համարել, որ հայաստանյան տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկն Արգենտինան է: Նրա խոսքով, շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող այդ ներդրումներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ունենում հայ-արգենտինյան առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
Հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրչների անմիջական աջակցությամբ ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունման համար և ընդգծել, որ հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում:
Բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԱՀ գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր, ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին նաև հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ: Հանդիպմանը քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ անվանի գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ: