Հայաստանում Վրաստանի դեսպանն իր մտահոգությունն է հնչեցնում. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրում վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են բարձրանալ:
Փորձագետները նշում են՝ դա կարող է հանգեցնել վրացական կողմի պատասխան քայլին, և հայկական ապրանքների համար Վրաստանում կսահմանվեն բարձր մաքսատուրքեր:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին հայտարարեց, որ առ այսօր Թբիլիսիի համար պարզ չէ, թե վրացական ապրանքների մասով ի՞նչ պահանջ կդնի Եվրասիական միությունը Հայաստանի առջև:
«Չեմ կարծում, թե Ասոցացման համաձայնագրի վավերացումից ու Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո հայկական ապրանքների նկատմամբ Վրաստանում կբարձրացվեն մաքսատուրքերը: Նման պահանջ նաև Եվրամիությունը չի դնում: Ճի՛շտ հակառակը, մենք ամբողջությամբ չգիտենք, թե ի՞նչ է պահանջելու Մաքսային միությունը Հայաստանից մեր առնչությամբ»,- ասաց Շարմանաշվիլին։
Այս հարցը սրություն ստացավ, երբ հուլիսի 7-ին Ռուսաստանի փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու ռուսաստանյան շուկան մոլդովական ապրանքներից:
Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 2-ին վավերացրեց հունիսի 27-ին Եվրամիության հետ կնքված Ասոցացման համաձայնագիրը։ Ռուսական կողմի ներկայացմամբ՝ սպառնալիք է առաջացել, որ Մաքսային միության երկրների հետ անմաքս առևտուր անող Մոլդովան, որը Եվրամիության հետ հայտնվելու է ազատ առևտրի գոտում, կարող է իր շուկա ներկրված եվրոպական ապրանքներն առանց մաքսավճարի արտահանել Ռուսաստան:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Ասոցացման համաձայնագիրը կվավերացնեն նաև Ուկրաինան ու Վրաստանը, և Մեդվեդևը սպառնաց այդ երկրներին էլ՝ խոստանալով ռուսական շուկան պաշտպանել ուկրաինական ու վրացական ապրանքներից նույնպես:
Սակայն Կրեմլը ակնհայտորեն ցանկանում է խոչընդոտել Ասոցացման համաձայնագրին միացած երկրների ապրանքների մուտքը ողջ Մաքսային միության շուկա:
«Ակնհայտ է, որ սա շատ լուրջ կերպով անդրադառնալու է Մաքսային միության երկրների հետ Մոլդովայի առևտրատնտեսական հարաբերությունների վրա»,- հայտարարել է Մեդվեդևը:
Իսկ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը տեղեկացրել է, որ հուլիսի 16-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստում քննարկվելու է Մոլդովայի նկատմամբ «պաշտպանական միջոցների» կիրառումը:
Այսպիսով, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանում նույնպես բարձր մաքսատուրքեր սահմանվեն վրացական ապրանքների նկատմամբ՝ Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցությունից հետո: Դեսպան Շարմանաշվիլին չի բացառում նման հեռանկարը։
«Մեր երկու երկրների միջև դեռ աշխատում է ազատ առևտրի ռեժիմը: Մենք կձգտենք, որպեսզի այդ ռեժիմը չփոխվի: Մեր կողմից, ըստ էության, չի նախատեսվում փոխել այդ ռեժիմը: Իսկ թե ի՞նչ կպահանջի Մաքսային միությունը, ի՞նչ փոփոխություններ կպահանջի, մենք դեռ չգիտենք: Բայց սա Վրաստանի ու Հայաստանի համատեղ շահն է: Ինչ էլ լինի, մենք միշտ կգտնենք մեր շփման համար առավել ընդունելի ճանապարհներ»,- ասաց Հայաստանում Վրաստանի դեսպանը։
Տնտեսագետ Բաբկեն Թունյանի խոսքով՝ վրացական, ինչպես նաև ուկրաինական ու մոլդովական ապրանքների նկատմամբ Հայաստանում մաքսատուրքերի բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի այդ երկրներում հայկական ապրանքներից գանձվող մաքսատուրքի մեծացմանը:
«Այդ դեպքում Ռուսաստանի վրա այդ ազդեցությունը դժվար թե մեծ լինի, բայց եթե մենք էլ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցենք ու այդ կանոնները ընդունենք, Հայաստանի համար դա դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենա»,- ասաց տնտեսական մեկնաբանը։
Թունյանը հավելեց, որ վրացական կողմը կարող է բարձրացնել նաև տարանցման վճարը:
Հայաստանի կառավարությունից այսօր չկարողացանք մեկնաբանություն ստանալ հարցի առնչությամբ: