Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան․ «ԵՄ-ն պատրաստակամ է Հայաստանի հետ նոր հարաբերություններ հաստատել»


Ռիչարդ Կիրակոսյան․ «ԵՄ-ն պատրաստակամ է Հայաստանի հետ նոր հարաբերություններ հաստատել»
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Տարածաշրջանում նոր բաժանարար գիծ է առաջացել, ինչը բարդ մարտահրավեր է առաջ բերում հայերի համար, բայց մյուս կողմից էլ նոր հեռանկար է բացվում, ընդգծում է քաղաքագետը:

Հարևան Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումից հետո Արևմուտքն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հայաստանին, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով տեղյակ է, որ Եվրամիությունը քննարկում է Հայաստանի հետ նոր հնարավոր պայմանագիր ստորագրելու հարցը։

«Այժմ Հայաստանը պետք է սպասի Եվրամիության նոր հանձնաժողովի ձևավորմանը, ու Հայաստանի կառավարությունն էլ պետք է որոշի, թե որ ոլորտներում է ցանկանում առավել սերտ համագործակցել Եվրամիության հետ։ Ֆյուլեի հանձնաժողովը միշտ հստակ ի ցույց է դրել, որ թեև Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին Ասոցացման համաձայնագրից, միևնույն է, Եվրամիությունը Հայաստանի ժողովրդից երես չի թեքի», - նշեց Կիրակոսյանը:

Նա պարզաբանում է՝ Եվրամիությունը պատրաստակամ է Հայաստանի հետ նոր հարաբերություններ հաստատել․ ոչ թե Ասոցացման պայմանագիր ստորագրել, այլ գործողությունների ծրագիր հաստատել։ Անգամ սևագիր փաստաթղթեր արդեն կան, ասում է Կիրակոսյանը։

Քաղաքագետն ավելացնում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դեռ չի որոշել, թե հարաբերությունների ինչպիսի մակարդակ է ուզում ունենալ Եվրամիության հետ։

Հայաստանի նախագահի վարչակազմում անկեղծորեն ցանկանում են Եվրամիության հետ որոշակի հարաբերություններ հաստատել, վստահ է Կիրակոսյանը, բայց, ըստ նրա, Հայաստանի նոր Կառավարությունը փորձառու չէ, իսկ եվրոպացիների հետ բանակցող փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ուղարկել են Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գրասենյակ։

«Հայաստանի կառավարության համար մարտահրավեր է ոչ միայն եվրոպացիների հետ նոր հարաբերություններ կառուցելը, այլև տարածաշրջանում առաջացած նոր բաժանարար գիծը հաղթահարելը», - ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։

«Մի կողմ թողնելով այն, թե Հայաստանը ի վերջո կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիր թե ոչ, Վրաստանի՝ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո տարածաշրջանում նոր բաժանարար գիծ է առաջացել, ինչը բարդ մարտահրավեր է առաջ բերում հայերի համար, բայց մյուս կողմից էլ նոր հեռանկար է բացվում. Վրաստանն արդեն որպես Ասոցացման պայմանագիրը ստորագրած երկիր կարող է ավելի մեծ հնարավորություններ ընձեռել Հայաստանին Վրաստանի միջոցով առևտուր անելու համար», - ընդգծեց քաղաքագետը՝ շարունակելով․ - «Հայերի համար մյուս նոր հնարավորությունն այն է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները մեղացվում են, և Հայաստանն էլ դառնում է Իրանն ու Արևմուտքը կապող հարթակ»։

Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակումն այս համատեքստում մեծ սխալ ու հետքայլ է, ամենասխալ պահին ամենասխալ մարդուն են ուղարկել դիվանագիտական աշխատանքի, ասում է քաղաքագետը՝ խոսելով սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին Թբիլիսիում Հայաստանի դեսպան նշանակելու մասին։

Կիրակոսյանն ավելացնում է, որ Վարդանյանը միակ սխալ մարդը չէ, որ ուղարկվել է դիվանագիտական աշխատանքի, նշելով, որ Հայաստանի շատ դեսպաններ պարզապես գործարարներ են կամ անգամ օլիգարխներ, ինչպես, օրինակ, դեսպանները Ռուսաստանում, Ուկրաինայում ու Վրաստանում։ Այս նշանակումները բարդացնում են արտգործնախարար Նալբանդյանի աշխատանքը, իսկ դեսպաններին նշանակում է Հայաստանի նախագահը, հիշեցնում է Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG