Թբիլիսիի նախկին քաղաքապետը կալանավորվեց

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավա, 2-ը հուլիսի, 2014թ․

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան բավարարել է դատախազության միջնորդությունը և նախնական կալանքը որպես խափանման միջոց է ընտրել Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստը ուղեկցվել է դատարանի շենքի մոտ Ուգուլավայի կողմնակիցների և դրան զուգահեռ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի մոտ նրա հակառակորդների ցույցերով:

Հիշեցնենք՝ Գիգի Ուգուլավան ձերբակալվել է հինգշաբթի օրը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, ավելի ուշ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտարարեց, որ նա մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Երեկ Թբիլիսիի նախկին քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել՝ հասարակական կարգը խախտող խմբակային գործողությունների կազմակերպում: Այս մեղադրանքը կապված է Մառնեուլիի ընտրական հանձնաժողովում հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետ:

Նախկին իշխող, ներկայումս ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները պնդում են, թե Ուգուլավայի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի այլ ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Իշխող կոալիցիան դա հերքում է՝ հայտարարելով, որ խոսքը «արդարության վերականգնման մասին է»: