Մատչելիության հղումներ

Իրավիճակը Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում լարված է մնում


Գիգի Ուգուլավա, արխիվ
Գիգի Ուգուլավա, արխիվ

Գարդաբանիից հետո իրադրությունը սրվել է արդեն Հայաստանի հետ սահմանից ընդամենը 30 կիլոմետրի վրա գտնվող Մառնեուլիում:

Առաջիկա կիրակի օրը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հաշվված օրեր առաջ իրավիճակը Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում շարունակում է լարված մնալ:

Եթե օրեր առաջ բախումներ տեղի ունեցան Գարդաբանի քաղաքում, ապա անցած շաբաթավերջին իրադրությունը սրվեց արդեն Հայաստանի հետ սահմանից ընդամենը 30 կիլոմետրի վրա գտնվող Մառնեուլիում:

Պատճառը քաղաքային ընտրական հանձնաժողովի որոշումն էր, որով չեղյալ հայտարարվեց ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ազգությամբ ադրբեջանցի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևի գրանցումը: Հանձնաժողովն իր այս քայլը պատճառաբանում էր այն հանգամանքով, որ ընդդիմադիր թեկնածուն վերջին երկու տարիներին Վրաստանի տարածքում մշտապես չի բնակվել, ինչը Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է:

Հանձնաժողովի նիստին զուգահեռ՝ քաղաքի կենտրոնական հրապարակում էին հավաքել Ազգային միացյալ շարժման հարյուրավոր ադրբեջանցի կողմնակիցները, ինչպես նաև Թբիլիսիից Մառնեուլի ժամանած մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավորները` Միխեիլ Սաակաշվիլիի վաղեմի զինակից Գիգի Ուգուլավայի գլխավորությամբ:

Իրավիճակը է՛լ ավելի սրվեց, երբ հայտնի դարձավ, որ ընտրական հանձնաժողովը, անտեսելով ընդդիմադիրների հակափաստարկները, Իմամկուլիևի թեկնածության գրանցումը վերջնականապես չեղյալ է հայտարարել: Դրանից հետո Ուգուլավան ցուցարար ադրբեջանցիների ուղեկցությամբ մուտք գործեց հանձնաժողովի շենք, մի շարք հայհոյանքներ հնչեցրեց ընտրական հանձնաժողովի նախագահ Կոբա Ասանիձեի հասցեին, հետո էլ վերջինիս սեղանից վերցրեց վիճահարույց որոշման տեքստը և ցուցադրաբար պատռեց այն:

Ուգուլավայի պահվածքը դատապարտեցին ինչպես Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այնպես էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորների պահվածքը պետք է իրավապահների քննության առարկա դառնա: «Գլխավոր դատախազը պետք է իր հսկողության տակ առնի տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության բոլոր դրվագները: Արդեն հունիսի 15-ից հետ, երբ ընտրությունները ավարտված կլինեն, այս միջադեպում ներգրավված բոլոր հանցագործները պետք է պատժվեն», - ասաց Ղարիբաշվիլին:

Չնայած հնչած կոշտ գնահատականներին՝ Սաակաշվիլիի կողմնակիցները չհամակերպվեցին Իմամկուլիևին նախընտրական արշավից հեռացնելու որոշմանը: Սկզբում այն բողոքարկվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որը մերժեց ընդդիմադիրների դիմումը: Երեկ, սակայն, Թբիլիսիի քաղաքային դատարանը վերականգնեց ադրբեջանցի թեկնածուի գրանցումը:

Տեղացիների պնդմամբ, այդուհանդերձ, սա հազիվ թե մեղմի արդեն իսկ թեժացած իրավիճակը: Չի բացառվում, որ իրադրությունը Մառնեուլիում կրկին սրվի արդեն քվեարկության օրը` հունիսի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG