Taraf. «Հայաստանի հետ սահմանը բացվում է»

Your browser doesn’t support HTML5

Ըստ թուրքական պարբերականի՝ նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հրահանգել է բացել Հայաստանի հետ սահմանը, պնդում է թուրքական Taraf ընդդիմադիր պարբերականը «Հայաստանի հետ սահմանը բացվում է» վերնագրով հոդվածում։

Դա կլինի Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկրորդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Առաջինն, ըստ թուրքական լրատվամիջոցի, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Էրդողանի ցավակցական ուղերձն էր՝ ուղղված հայերին։

Պարբերականի պնդմամբ՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով 21 տարի շարունակ փակ մնացած հայ-թուրքական սահմանը բացելու նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր՝ Թուրքիայում օգոստոսին սպասվող նախագահական ընտրություններից հետո։

Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանը դեռևս 2012 թվականին անձամբ է կարգադրել սահմանը բացելու նախապատրաստական աշխատանքներ սկսել. Taraf-ի փոխանցմամբ՝ 2012 թվականից ի վեր հիմնանորոգվել և ասֆալտապատվել է դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող շուրջ 7կմ ճանապարհը, ապա նաև տեխնիկապես վերազինվել է անցակետը՝ ծառայության համար անհրաժեշտ սարքավորումներով։

Խոսքը Արմավիրի մարզի Մարգարայի անցակետի դիմաց գտնվող թուրքական Ալիջանի սահմանային անցակետի մասին է։ Այն բացվելու դեպքում Թուրքիան կունենա գործող 31 սահմանային անցակետ։

«Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ հարաբերությունները ոչ միայն կկարգավորվեն Հայաստանի հետ, այլև որոշակիորեն կբարելավվեն Միացյալ Նահանգների հետ: Անկարայի կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն բանակցությունները»,- գրում է պարբերականը։

Հոդվածում անդրադարձ կա նաև Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 2009-ին Անկարայում ունեցած հանդիպմանը։ Հոդվածագրի փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ այդ հանդիպման ընթացքում պետքարտուղար Քլինթոնը հայ-թուրքական սահմանի բացման ցանկություն էր հայտնել:

Ուշագրավ է, որ օգոստոսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին հրապարակված այս հոդվածին պաշտոնական Անկարան դեռևս չի արձագանքել։

Հայկական կողմը մշտապես հայտարարել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և սահմանի փակ լինելու անկարելիության մասին, ինչին թուրքական կողմը պատասխանում է նախապայմաններով, առաջին հերթին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ:

Թե որքանով է սահմանն առանց նախապայմանների բացելու մասին Taraf-ի այս հոդվածը իրականությանը համապատասխանում, Թուրքիայում տպագրվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը դժվարանում է պատասխանել։

Խմբագիրը, այդուամենայնիվ, վստահ է՝ ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլում հայտնվող նմանատիպ բովանդակությամբ հրապարակումներից այս մեկը տարբերվում է: Հոդվածում կան հստակ փաստեր, և հաշվի առնելով Անկարայի ջանքերը, որոնք ուղղված են Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, կարելի է ասել, որ Taraf-ի պնդումներն այնքան էլ հեռու չեն իրականությունից, նկատում է Թուրքիայում բնակվող ազգությամբ հայ լրագրողը։

«Հետաքրքրական է նաև այս լրատվության ժամկետը, քանի որ արտաքին քաղաքականության արմատական միջամտություն պահանջող բարդ խնդիրների կապակցությամբ Թուրքիայում սովորություն չկա նախընտրական գործընթացների ընթացքում խոսել, իսկ այս անգամ ընտրությունները առջևում են։ Եվ ահա այս միջավայրի մեջ է, որ այս տվյալները հրապարակվում են, և այնտեղ մասնավորապես նշված է, որ նախագահի թեկնածու առաջադրված Էրդողանի կողմից է կատարվում այս հանձնարարությունը»,- ասաց Գոչունյանը։