Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երեկ կրկին հանվել է աճուրդի՝ այս անգամ արդեն 14 միլիարդ 106 միլիոն 150 հազար դրամ մեկնարկային գնով:
Աճուրդի մասին հայտարարությունը տեղադրված է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնական կայքէջում: Աճուրդի ավարտ է սահմանված հուլիսի 14-ը:
Մարզահամերգային համալիրն արդեն չորրորդ անգամ է հանվում աճուրդի. առաջին անգամ մայիսին՝ 19 միլիարդ 350 միլիոն դրամ մեկնարկային գնով: Յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գինը, ըստ կարգի, նվազեցվել է 10-ը տոկոսով:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը շարունակում է պնդել, որ համալիրի աճուրդը օրինական չէ: Ըստ նրա, բացի այն, որ բավական էժան է գնահատվել գույքը, ԴԱՀԿ-ն իրավունք չուներ համալիրը հանել աճուրդի, քանի որ ընկերության ներկայացուցիչները հարցը վիճարկում են դատարանում:
«ԴԱՀԿ-ն ասում է, որ դատարանը կասեցնելու որոշում չի տվել, իրենք չեն կասեցնելու, որովհետև ունեն լրիվ ուրիշ հրահանգ և ամեն գնով, ամեն հնարավոր տարբերակով գնում են նրան, որ հնարավորինս արագ կարողանան իջեցնեն գումարի չափը և վերցնեն Մարզահամերգային համալիրը», - ասաց Գրիգորյանը:
Ընկերությունը փորձում է հնարավորինս արագ հայթայթել պարտքի գումարը, որը կազմում է 10 միլիարդ 200 միլիոն դրամ: Սակայն ՄՀՀ-ի ներկայացուցչի խոսքով, ամբողջ խնդիրն այն է, որ այդ գումարը չի արտացոլվել պետական բյուջեում.- «Խնդիրները ավելի հեռու են գնում, ուղղված են դեպի Կառավարություն՝ հիմնականում Տիգրան Սարգսյանի ժամանակից սկսած, երբ որ պարտքը 2013-ի և 2014-ի բյուջեից ուղղակի դուրս թողեցին: Այսպիսով, պարտքը արտացոլված չէ պետբյուջեի հավելվածում, որը պետք է լիներ: Համապատասխանաբար, եթե մենք վճարում ենք գումարը, ո՞ւր է գնում էդ գումարը՝ պետբյուջե՞, թե՞ մեկ այլ տեղ»:
Գրիգորյանը նշում է, որ Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչները դիմել են վարչապետին ու Արդարադատության նախարարին, սակայն երկու ամիս է, որևէ պատասխան չեն ստացել. - «Եվ մեր մտահոգությունն այն է, որ փաստորեն Տիգրան Սարգսյանից հետո էն ինչ-որ կատարվել է իր օրոք, շարունակվում է մինչև այսօր, ծուղակը դեռ գործում է»:
ԴԱՀԿ-ն էլ իր հերթին պնդում է, որ իրենք առաջնորդվում են կատարողական թերթին համապատասխան: Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ աճուրդն ապօրինի չէ, քանի որ դրա մասին դատարանի որոշում չկա․ - «Դատարանը որևէ ակտով չի փաստել, որ Մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված [գործընթացը] չպիտի կատարվի: Հակառակը՝ դատարանը փաստել է, որ աճուրդը պետք է շարունակվի»:
Ներպետական դատական ատյանները սպառելուց հետո Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Եվրադատարան: