Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը՝ ընդունելով, որ այն ապօրինի կերպով է հանվել վաճառքի:
Այսօր «Ազատությանը» այս մասին փոխանցեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը:
Ընկերությունը, հիշեցնենք, դատական վեճի մեջ է Հայաստանի կառավարության հետ, որը դեռ չավարտված՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) աճուրդի էր հանել համալիրը՝ մարելու ընկերության պարտքը կառավարությանը: Այդ անելու համար ԴԱՀԿ-ն դիմել էր դատարան՝ պարզաբանում-խորհուրդ ստանալու՝ արդյոք կարո՞ղ է նման իրավիճակում վաճառքի հանել համալիրը, և դատարանն իր որոշմամբ համաձայնություն էր տվել:
Ընդ որում, Արմինե Հակոբյանի խոսքով, դատարանին գրություն էր ուղարկել նաև Ֆինանսների նախարարությունը՝ հորդորելով չխոչընդոտել համալիրի աճուրդը։
Փաստաբանի համոզմամբ՝ ոչ միայն ապօրինի էր դատական չավարտված գործընթացի պայմաններում աճուրդի հանել համալիրը, այլև ապօրինի էր ԴԱՀԿ-ին տրված դատարանի պարզաբանումը, քանի որ «ԴԱՀԿ մասին» օրենքի 35-րդ հոդվածով ծառայությանը կարող է դատարանից պարզաբանում ստանալ միայն եթե անհասկանալի է կատարողական թերթի պահանջը կամ այնտեղ լինում են վրիպակներ:
Ընկերությունը դիմել էր վերաքննիչ ատյան՝ բողոքարկելու ընդհանուր իրավասության դատարանի նման պարզաբանումը և ԴԱՀԿ-ի գործողությունները:
«Վերաքննիչ դատարանը իր դիրքորոշման մեջ նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանը խախտել է Սահմանադրության 5-րդ հոդվածը, այսինքն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից։ Նաև այն հիմքով, որ «ԴԱՀԿ-ի մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը չէր կարող խորհրդատվական բնույթի պարզաբանում ուզել դատարանից, և դատարանը տրամադրեր դա։ Ի վերջո դատարանը խորհուրդ հարցնելու մարմին չէ, այլ Սահմանադրության համաձայն՝ ստեղծված է օրինական իրավական վճիռների և դատական ակտերի միջոցով արդարադատություն իրականացնելու համար»,- ասաց Մարզահամերգայինի փաստաբանը։
Հակոբյանի ներկայացմամբ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի այս որոշումից հետո համալիրն այլևս չպետք է հայտնվի աճուրդում, մինչև ընկերության և կառավարության միջև դատական վեճը չավարտվի, և իրենք արդեն դիմել են ԴԱՀԿ-ին համալիրը աճուրդից հանելու համար:
ԴԱՀԿ-ից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, թե Վերաքննիչ դատարանը նման որոշում չի կայացրել: Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Արմեն Հարությունյան ասաց․- «Վերաքննիչ դատարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդը կասեցնելու որոշում չկ կայացրել, ուղղակիորեն իրավաչափ է համարել ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումը առ այն, որ կոնկրետ կատարողական վարույթը հարկադիր կատարման մասին օրենքի կոնկրետ հիմքով ենթակա չէ կասեցման։ Իսկ Մարզահամերգային համալիրի վերաքննիչ բողոքը համարել է ոչ հիմնավոր։ Սա նշանակում է, որ եթե կատարողական վարույթի կասեցման հիմքեր չկան, կատարողական գործողությունները շարունակվում են օրենքով սահմանված կարգով»։
Ի պատասխան ԴԱՀԿ-ի այս հայտարարության, Արմինե Հակոբյանը «Ազատությանը» ցույց տվեց Վերաքննիչ դատարանի որոշումը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ բավարարել ընկերության վերաքննիչ բողոքը.- «Ես մեջբերեմ «որոշեց» մասից՝ «վերաքննիչ բողոքը բավարարվել է, և ընդհանուր իրավասության դատարանի՝ կատարողական թերթը պարզաբանելու դիմումը քննության առնելու մասին որոշումը բեկանել և փոփոխել»»։
Այս ընթացքում ԴԱՀԿ-ն երեք անգամ՝ 10-օրյա ժամկետներով, աճուրդի էր հանել համալիրը: Բայց քանի որ որևէ գնորդ չէր հայտնվում, յուրաքանչյուր նոր աճուրդի ժամանակ համալիրը գինը իջեցվում էր 10 տոկոսով, որը ի սկզբանե սահմանվել էր 19 միլիարդ 350 միլիոն դրամ:
Արմինե Հակոբյանը փոխանցեց, որ այսօր երրորդ աճուրդի 10-րդ օրն է ու դարձյալ գնորդ չի հայտնվել, թեև Վերաքննիչի որոշումից հետո ԴԱՀԿ-ն անհապաղ պետք է հանի համալիրը աճուրդից:
«Բամօ» ընկերությանը 2005-ից պատկանող համալիրի ներկայացուցիչները պնդում են, որ փորձ է արվում ապօրինի կերպով խլել համալիրը օրինական տիրոջից՝ չբացառելով, որ նման աճուրդների միջոցով միտումնավոր է իջեցվում համալիրի գինը, որպեսզի այն էժան գնով հասնի նոր տերերին:
Համալիրի այս պատմության ֆոնին լրատվամիջոցներում քիչ չէին հրապարակումներն այն մասին, որ հակասություններ են առաջացել «Բամօ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրների և Հայաստանի իշխանության ներկայացուցիչների միջև: Որպես վկայություն բերվում էր նաև այն փաստը, որ վերջերս Երևանում տեղի ունեցած Հայաստանի դեսպանների հավաքին բացակայում էր Իրաքում մեր երկրի դեսպան Մուրադ Մուրադյանը՝ «Բամօ»-ի սեփականատերերից մեկը: Երեկ էլ հրապարակվեց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ Մուրադ Մուրադյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: