Մեղադրողը 6.5 տարվա ազատազրկում պահանջեց Վոլոդյա Ավետիսյանի համար

Your browser doesn’t support HTML5

Ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու կալանավորված Վոլոդյա Ավետիսյանի համար մեղադրողը այսօր 6.5 տարվա ազատազրկում պահանջեց։ Եթե դատարանը բավարարի այս պահանջը, ապա պաշտոնաթող գնդապետի վրա համաներումը չի տարածվի։

Դատախազ Վարդան Պապիկյանը հայտարարեց, թե խարդախության և խարդախության փորձի մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Ավետիսյանի համար մեղմ պատիժ են պահանջում՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, խնամքին անչափահաս երեխաների առկայությունը։

Վոլոդյա Ավետիսյանն իր խոսքում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքն ու պնդեց, որ իշխանությունները սրանով պարզապես փորձում են պատժել իրեն անցած տարի նախաձեռնած բողոքի ակցիաների համար։ Հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից իր հեռախոսային խոսակցությունների գաղտալսումներն այս գործով վկաների հետ ոչ այլ ինչ են, եթե ոչ մոնտաժված ձայնագրություններ։

«Ես իմ արարքների մեջ ոչ մի հանցագործություն չեմ տեսնում։ Ամեն ինչը սարքած է, ինձ բազմիցս մոտեցել են պատգամավորներ, ծառայողներ, զգուշացրել են՝ գլխիդ կսարքեն»,- ասաց նա։

Իր ճառում Ավետիսյանը դիմեց դատախազին ու դատավորին.- «Պարոն դատախազ, քո համար եմ պայքարում, պարոն դատավորի համար եմ պայքարում, էսօր բերդում 80 հազար ստացողի համար եմ պայքարում։ Ուզում եմ մարդավայել, արժանավայել ապրել»։

Շարունակելով իշխանություններին ուղղված քննադատությունն ու իր պայքարի անսասանության մասին պնդումները՝ Ավետիսյանը նշեց, որ թեկուզ տասը տարի էլ բանտում անցկացնի, միևնույն է չի դադարեցնի պայքարել.- «Ես պայքարում եմ հանուն հայ ժողովրդի, հանուն հայոց պետականության, հանուն օրենքի»։

Ամփոփելով խոսքը՝ ազատամարտիկը դիմեց հասարակությանը.- «Կոչ եմ անում հայ ժողովրդին, որ մի օր առաջ էս մեր բռնապետական, անօրինական, բեսպրեդել իշխանություններից ազատվենք»։

Մեղադրող Պապիկյանը դատարանին նաև առաջարկեց հօգուտ պետության Ավետիսյանից բռնագանձել այն 2000 դոլարը, որը, ըստ մեղադրանքի, նա վերցրել է այս գործով կարևոր վկայի Հենրիկ Զաքարյանից որպես կաշառք։ Հարկ է նշել, որ այս քրեական գործում կաշառքի մասով մեղադրանք Ավետիսյանին առաջադրված չէ։ Վկան, դատարանում հայտարարել էր, թե Ավետիսյանից պարտք ու պահանջ չունի։

Ազատամարտիկի պաշտպան Զաքարյանն, անդրադառնալով մեղադրողի բերած փաստարկներին, նշեց, որ նա իրականում չկարողացավ ապացուցել, որ Ավետիսյանը խարդախություն է կատարել և պահանջեց արդարացնել նրան։ Պնդեց, թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ իրենց այդպես էլ հնարավորություն չտրվեցին համակողմանի պաշտպանություն ապահովել

«Դատարանը մեղադրողի օգտին էր գործում»,- հայտարարեց Զաքարյանը։

Հաջորդ դատական նիստը հուլիսի 7-ին է։