Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները և դատավորը վիճաբանեցին


Ազատամարտիկները և դատավորը վիճաբանեցին
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00
Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր վերածվեց սկանդալի, որի կիզակետում դատավոր Լևոն Ավետիսյանն էր։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ լարված մթնոլորտում դատավորը դիմեց դահլիճում նստած ազատամարտիկներին ու հորդորեց, որ ոտքի կանգնեն նիստը խանգարողները։ Որևէ մեկը չարձագանքեց, դատավորն ավելի հեռուն գնաց.- «Կանգնեք, ասեք, որ դուք եք խանգարել, թե չէ կանանց փեշերի տակ թաքնվելով...»։

Ազատամարտիկ Յուրա Աթոյանը ոտքի կանգնեց ու զայրացած արձագանքեց.- «Դու ես մտել իշխանությունների փեշի տակ»։

Չնայած դահլիճում ներկա տասնյակ ազտամարտիկների կոչերին՝ դատավորը ներողություն չխնդրեց, փոխարենը հետաձգեց դատական նիստը աղմուկ-աղաղակի ներքո։

Յուրա Աթոյանն իրականում ոչ թե աղմկել էր, այլ փռթկացել, երբ դատախազն ընթերցում էր ամբաստանյալ Ավետիսյանի և վկաների գաղտնալսված հեռախոսազրույցները։ Մի պահ դատախազը սկսեց կարկամել, դատավորը օգնության եկավ, ինչն էլ զայրացրեց ազատամարտիկներին։

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը պնդում է, թե դատավորն անվայելուչ է պահում իրեն, և որ սա հիմք է Արդարադատության խորհրդին նրա դեմ բողոք ներկայացնելու համար։

«Ես չեմ բացառում, որ ընդհատելու կամ ի վերջո նիստը դռնփակ անցկացնելու նպատակով սա արվեց»,- ասաց Զաքարյանը։

Նիստը դռնփակ անցկացնելու մտադրության մասին դատավորը հայտարարել էր այս միջադեպից դեռևս ժամեր առաջ և զգուշացրել, որ դահլիճում ներկաները լռություն պահպանեն ու չմիջամտեն։

Ազատամարտիկները ևս պնդում են, որ դատավորն իր գործողություններով մեկ նպատակ է հետապնդում՝ դռնփակ անցկացնել նիստերը, որոնք վերջին շրջանում անցնում են լարված մթնոլորտում։

Ի դեպ, երեք ամիս շարունակվող դատաքննության ընթացքում այսօր առաջին անգամ դատարանը անվտանգության միջոցառումներ էր կիրառում՝ դատարանի մուտքը արգելափակված էր, անձը հաստատող փաստաթղթերով էին ներս թողնում Ավետիսյանի աջակիցներին ու լրագրողներին։ Ազատամարտիկների բողոքից հետո, սակայն, կարգադրիչները թույլ տվեցին մուտք գործել դատարան առանց փաստաթղթի։
XS
SM
MD
LG