Ազգագրագետը ուսումնասիրություններ է կատարել Շիրակի մարզի գյուղական համայնքներում ու ասում է, որ կան ընտանիքներ, որտեղ խոպան են գնում միանգամից 3 սերունդ՝ հայրը, տղան ու թոռը, այսինքն՝ միգրացիան նաև ժառանգական պրակտիկա է դառնում:
«Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է էդ պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», - նշեց Թադևոսյանը:
Ազգագրագետն ասում է, որ ժամանակի ընթացքում միգրացիայի պատճառներն ու բնույթը փոխվում են: Եթե սկզբում այն հիմնականում սոցիալական բնույթ էր կրում, ապա հիմա արդեն այլ է․- «Մարդկանց մոտ, ովքեր գնում-գալիս էին և տեսնում, որ դրսում ավելի մեծ հնարավորություններ կան՝ երեխաների ապագայի, իրենց իսկ համար, միգրացիան դիտարկում էին նաև որպես մարդկային զարգացման միջոց, այսինքն՝ իրենց ապագան դադարեցին տեսնել Հայաստանում»։
Սա վտանգավոր դրսևորումներ ունի: Աղասի Թադևոսյանն ամենակարևորն առանձնացրեց․- «Այսօր Հայաստանում աստիճանաբար մարդկային որակյալ մասը, որը հեռանում է և չի վերադառնում, մեզ մոտ առաջացնում է որակյալ մարդկային կապիտալի կուտակման դեֆիցիտ»: