Զվարթնոցի հեռացված տնօրենին փոխարինել է նրա որդին

Your browser doesn’t support HTML5

Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը պաշտոնից ազատվեց, մի քանի օր անց սակայն նույն պաշտոնում նշանակվեց նրա որդին Գագիկ Գրիգորյանը։

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին նաև նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ ավելացնելով, որ նա վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, իսկ նոր վարիչի նշանակելու համար ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը 3 ամիս ժամանակ ունի։

Մետ տասն օր առաջ Զվարթնոցում տեղի ունեցած միջոցառումը անցկացնելու համար վարձակալող ընկերությունը պայմանագիր էր կնքել Մշակույթի նախարարության հետ, մինչդեռ բարձրացված աղմուկից հետո, ըստ էության պատժվեց, ու պաշտոնից ազատվեց միայն Զվարթնոցի տնօրենը։ Որդու նշանակումից հետո «Ազատության» հետ զրույցում թանգարանի նախկին վարիչը ասաց, որ իրեն ազատելու որոշումը ճիշտ է եղել, բայց չկարողացավ ասել, թե կոնկրետ ինչու են իրենց ազատել։

«Կետը չեմ կարտարել դրա համար են ազատել, կետեր կային, որ պիտի թույլ չտայինք, թույլ ենք տվել, դրա համար էլ տենց է եղել։ Հուշարձանի գովազդը պետք է տաճարից դուրս լիներ»,- ասաց նա։

Խոսելով պաշտոն ստացած որդու մասին՝ ասաց, որ տղան գրագետ է և կկարողանա աշխատանքից գլուխ հանել։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այսպիսի դեպքերը արդեն սովորական են. աղմուկը մարելու համար մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքից ազատում է ամենացածր օղակի ղեկավարին, իսկ նրան էլ չնեղացնելու համար փաստորեն պաշտոն է տալիս որդուն։

«Երկրում սիրված շախմատային դիվանագիտության լեզվով դա փոքր զոհ էր, որպեսզի խաղը և նախաձեռնությունը պահպանվի»,- ասաց կինոռեժիսորը։

Զվարթնոց թանգարանի աշխատակիցները նույնպես տեղյակ չեն նախկին տնօրենին ազատելու պատճառներից։ Փոխարենը օրերս տեղեկացել են, որ թանգարանի շահագործման բաժնի տնօրենը այսուհետ իրենց ղեկավարն է։ Վարիչի պաշտոնակատարի հետ խոսել այսօր չհաջողվեց, փոխարենը Զվարթնոցի էքսկուրսիոն բաժնի վարիչ Շուշան Ավագյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով ազգակցական կապը նշանակման համար դժվար թե դեր խաղար, քանի որ երիտասարդ ղեկավարը խելացի է, իսկ վերջերս էլ դիպլոմ է ստացել։

Ի դեպ, միջոցառումները Զվարթնոցում կանցկացվեն նաև ապագայում։ Ավագյանը ասաց, որ պարզապես կփոխվեն չափանիշները։