«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները այսօր կեսօրից փորձում էին մտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ և պահանջել կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը։
Հանձնաժողովը, հիշեցնենք, կանխատեսում է թանկացնել էլեկտրաէներգիան՝ ներկայիս 38 դրամ սակագինը բարձրացնելով մոտ 4 դրամով։ Նախաձեռնության անդամները անհիմն են համարում առաջիկայում սպասվող թանկացումը։
Այսօր քաղաքացիներից շուտ տեղ էին հասել ոստիկանները և փակել հանձնաժողով տանող բոլոր ճանապարհները։ Ցուցարարները շրջափակել էին ոստիկանական այն մեքենան, որում գտնվում էին երկու երիտասարդ, ովքեր ճեղքելով ոստիկանական պատը, փորձում էին մտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք։
Սեռ և տարիք հաշվի չառնելով՝ ոստիկանները սկսեցին ակցիայի մասնակիցներին բռնի ուժով խցկել մեքենաներ ու տանել բաժանմունք։ Ոստիկանների այս գործողություններին ի պատասխան՝ ցուցարարները նստեցին Սարյան փողոցի կենտրոնում՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Այստեղից ևս մարդկանց բռնի ուժով բաժանմունք տեղափոխեցին։
Ակտիվիստ Արա Կարագյոզյանին սրտի նոպայով տեղափոխեցին հիվանդանոց։ Նրա խոսքով՝ ոստիկանները հարվածել են իր սրտին։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները կոպտորեն խոչընդոտել խաղաղ բողոքի ակցիայի իրականացմանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատախանեց, թե սա ինքնաբուխ ակցիա չէ, և ցուցարարները կարգ են խախտում։
«Ակցիան արտոնված չէ, երթևեկությունը կաթվածահար է։ Ես պարտավոր չեմ ձեզ հետ աշխատել, ուղղակի ես ուզում եմ [կոտրել] այն կարծրատիպը, որ ձեզ մոտ ձևավորվել է, ոստիկանությունը առաջնորդվում է միայն օրենքներով և այսօր բացարձակապես գործել է միայն օրենքով»,- ասաց Օսիպյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները Սարյան փողոցից շարժվեցին դեպի Կենտրոն ոստիկանական բաժանմունք, որտեղ տարվել էին 27 ցուցարարներ։
Ոստիկանությունում գտնվող ակտիվիստների փաստաբանն ու մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը երկար բանակցություններից հետո մտան ոստիկանություն։
Նշենք, որ ոստիկանություն է տարվել նաև ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը, ով հեռախոսով հայտնեց, որ ներսում իր նկատմամբ բռնի ուժ են կիրառել։
Ոստիկանություն տարված ցուցարարների նկատմամբ վարչական տույժեր են կիրառվել։
Ոստիկանություն տարված ցուցարարների նկատմամբ վարչական տույժեր են կիրառվել։