Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը ՀԷՑ-ի «ֆինանսական ճեղքվածքն» է


Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը ՀԷՑ-ի «ֆինանսական ճեղքվածքն» է
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան 3.85 դրամով թանկացնելը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բացատրում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Ինչպես այսօր հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, պատճառն այն է, որ ատոմակայանը նախատեսվածից շուրջ երեք ամսով ավելի երկար է վերազինվել՝ դադարեցնելով աշխատանքը, բացի այդ, տարին սակավաջուր է եղել, հիդրոէլեկտրակայանները քիչ հոսանք են արտադրել:

Այս բացատրությունները, սակայն, հարուցեցին ոչ իշխանական պատգամավորների զայրույթը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց՝ ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպությունների ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը շարքային սպառողի ուսերին մնա։

«Այդ կազմակերպությունները, որոնք բոլորը միաբերան հայտարարում են, որ իրենք աշխատում են 0 տոկոս շահութաբերությամբ, արդյոք մազոխիստնե՞ր են... որովհետև եթե կազմակերպությունը աշխատում է 0 տոկոս շահութաբերությամբ, այստեղ երկու տարբերակ պիտի լինի՝ կամ իրենք ինչ-որ հոգեբանական շեղում ունեն, որ համառորեն և շատ ակտիվ շարունակում են աշխատել 0 տոկոս շահույթով, կամ ուղղակիորեն ապաշնորհ և վատ կառավարիչներն։ Եվ չեք կարծո՞ւմ, որ վատ կառավարման դեպքում այս կազմակերպությունները իրենց կառավարումը պիտի հանձնեն շատ ավելի արդյունավետ կառավարողների»,- հարցրեց պատգամավորը։

Ռոբերտ Նազարյանը հակադարձեց՝ վատ կառավարումը կապ չունի և վկայակոչեց 11 ընկերություններից ստացած գրությունները, թե վնասով են աշխատում: Ահա թե ինչու է հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել սակագնի վերանայումը:

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց՝ կառավարությունում տեղյա՞կ են այս նախաձեռնության մասին։

«Այո, տեղյակ են և շատ մտահոգ են»,- պատասխանեց Նազարյանը.- «Ներկայացրել ենք բազմաթիվ գնահատումներ, ես ներկայացրել եմ այն բոլոր խնդիրները, որ հիմա ձեզ հետ ենք քննարկում, և ես պարտավոր էի դա անել, արել եմ իմ գործառույթների շրջանակում»։

Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ առաջիկա տարում սա կլինի էլեկտրաէներգիայի վերջին թանկացումը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հորդորեց քննադատությունը ուղղել Հանրապետականին, ասաց՝ թանկացման պատասխանատուն իշխող ուժն է։ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հակադարձեց.- «Քաղաքական այն ուժն է, որը լրիվ բարոյական իրավունք ունի այս թեմաներով մեզ կշտամբելու, որովհետև ինքը մտածում է, որ ամբողջ հայ ժողովուրդը մութ ու ցուրտ տարիները և իրենց քաղաքականությունը վաղուց է արդեն մոռացել է, և դրա համար էլ կարողանում է մեզ քննադատել։ Բոլորովին էլ այդպես չէ»։

Կոնգրեսից Արամ Մանուկյանը հիշեցրեց, այդ ժամանակ Հերմինե Նաղդալյանը դարձյալ իշխող ուժն էր ներկայացնում, մութ ու ցուրտ տարիներն էլ պատերազմում հաղթանակ բերեցին:

«Ամոթ է, որ հաղթանակի, պատերազմի տարիները զուգորդում են և մեղադրանք ներկայացնում։ Վերջին հաշվով, սա այն դահլիճը չէ, որ այդքանը չհասկանա»։

Մանուկյանը բազմաթիվ հարցերով էր եկել լսումներին, ավարտին եզրակացրեց՝ ամեն ինչ արվում է ժողովրդին թալանելու համար։

«Ուզում եմ ասեմ կոշտ բառեր չասել, չի ստացվում։ Ուզում եմ ասել՝ այլանդակություն է, գոնե մեղմ բառով պիտի ասեմ անշնորհքություն է, անտնտեսվարություն է, ոչ մարդկային դրսևորում է։ Վարկեր են վերցրել աջ ու ձախ, ու այդ վարկերը ժողովրդի ուսերին է։ Վաճառել են մասնավոր հիմնարկներին, մասնավորը պետք է ներդրումներ անի, այդ ներդրումները գալիս է, նորից քաղաքացու ուսերին է նստում»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը պնդեց՝ ՀԷՑ-ը գերշահույթ է ստանում՝ 16 դրամով ձեռք բերած էլեկտրաէներգիայի վրա 13 դրամ ավելացնելով։

«Դու արտադրող չես, դու ընդամենը առևտրական ես, դու առնում ես մեկից, վաճառում մեկին, ինչո՞ւ ես 13 դրամ ավելացնում։ 13 դրամ յուրաքանչյուր կիլովատ/ժամի մեջ գնում է ՀԷՑ-ին, ու դրանց լկտիությունը նայեք, հայտարարում են, որ մինուսներ ունեն։ 13 միլիարդ դրամ միայն շահույթ են ունեցել։ Ուղղակի պարզ լեզվով ասում են՝ վեր կացեք, էս երկրից գնացեք։ Ապուշը չի հասկանում, որ այս թանկացմանը հետևելու է մյուս ապրանքների և ծառայությունների թանկացումը»։

Քառյակն առաջիկայում հենց այս հարցով հավաք է անցկացնելու՝ ամեն կերպ կանխելու այս թանկացումը: Դաշնակցական Արծվիկ Մինասյանի խոսքով, մեղքի հիմնական բաժինը կառավարությանն է, այսօր հնարավոր է ոչ միայն կանխել թանկացումը, այլ նաև իջեցնել սակագինը։

«Համակարգի վերաբերյալ չկա բավարար տեղեկատվություն չկա բոլոր հնարավոր սցենարների, այդ թվում նաև այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմների լիարժեք ուսումնասիրությունը»,- ասաց Մինասյանը։
XS
SM
MD
LG