Էթիկայի հանձնաժողովը բավարարեց Արամ Հարությունյանի վերաբերյալ դիմումը

Արամ Հարությունյան, արխիվ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը բավարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը՝ եզրակացնելով, որ բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված էթիկայի կանոնը, մասնավորապես՝ չի «ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս»:

Միջադեպը տեղի էր ունեցել բնապահպան ակտիվիստների և Հարությունյանի միջև մարտի 25-ին՝ Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ: Բնապահպանները, ի նշան Հայաստանի ջրային ավազանի աղտոտվածության դեմ բողոքի, այն ժամանակ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արամ Հարությունյանին առաջարկել էին խմել Հայաստանի գետերի ջուրը, նա էլ նախ խորհուրդ էր տվել «առանց գրագիտություն իմանալու հիմարություններ դուրս չտալ», ապա երիտասարդներից մեկին սպառնացել․ - «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»: Հարությունյանը կոշտ էր հակադարձել նաև իր հետ բանավեճի մեջ մտած բնապահպան Աննա Շահնազարյանին, մասնավորապես ասելով՝ «աղջիկ ջան, Դուք երիտասարդ հիվանդ եք, պետք է բժշկի դիմեք»:

Նախագահականում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն արձանագրել է, որ նման արտահայտությունների գործածումը «անհարիր է բարձրաստիճան պաշտոնատար անձի կարգավիճակին և կերպարին»: Հանձնաժողովն իր որոշմամբ եզրակացնում է, որ Արամ Հարությունյանի հնչեցրած խոսքերը անգամ քաղաքացիների միջև մասնավոր շփումներում են արտահայտում վիրավորանք, արհամարհանք և կարող են «նսեմացնել անձն ու արժանապատվությունը»:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արամ Հարությունյանը չի ներկայացրել առարկություններ և բացատրություններ, չի վիճարկել ներկայացված փաստերը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմումին կցել էր «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը:

Էթիկայի հանձնաժողովի որոշումը որևէ պատասխանատվություն չի նախատեսում: Հանձնաժողովը, սակայն, իր եզրակացությունն ուղարկելու է նախագահին և վարչապետին, իսկ Բնապահպանության նախարարությանն առաջարկում է այն տեղադրել իր կայքում:

Արամ Հարությունյանը, ով պնդել է, թե ներողություն խնդրելու մտադրություն չունի, այժմ զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը: