Վերնիսաժի գործով վիրավորների փաստաբանը մտավախություններ ունի

Your browser doesn’t support HTML5

Վերնիսաժի գործով վիրավորների փաստաբանը մտավախություններ ունի

Վերնիսաժի հարևանությամբ գտնվող շենքի ավտոտնակում մայիսի 17-ին 29-ամյա Գոռ Առաքելյանի կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի պաշտպանական կողմը մտավախություն ունի, որ նրանց ևս կարող են քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել։

Խոսքը այն երկու անձանց մասին է, որոնց հետ, ըստ նախնական վարկածի, պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանը ավտոտնակում վիճաբանել է և կրակել։ Այս անձինք ծանր վիրավորվել են, բայց մինչ օրս քրեական գործում ներգրավված չեն որպես տուժողներ, որպես վկա են անցնում։

Նրանց փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Վալերի Հովհաննիսյանին և Նորայր Հարությունյանին տուժող ճանաչելու միջնորդություն իրենք դեռ չեն ներկայացրել, քանի որ նրանք ցուցմունքներ չեն տվել, բայց վիրավորված անձանց որպես վկա ներգրավելու քննչական մարմնի քայլը մտավախություն առաջացնում է։

Երկուսն էլ դեռ հիվանդանոցում են։ Վալերի Հովհաննիսյանի վիճակը, ըստ Էլբակյանի, ծանր է, հնարավոր է երկրորդ վիրահատության անհրաժեշտություն առաջանա։ Նա որովայնի հատվածում էր ստացել հրազենային վնասվածք։

«Որովայնի հատվածում էր նա վիրավորվել, աղիքների հետ կապված խնդիր կար, այդ իսկ պատճառով վիճակը մնում է ծանր։ Ինչ վերաբերում է Նորայրին, ապա նրա վիճակը նույնպես ծանր է, մի փոքր ավելի կարելի է ասել՝ բարվոք, քան Վալերիինը, նրա վնասվածքներն էլ ոտքի հատվածում են եղել, նա նույնպես չի քայլում այս պահի դրությամբ»,- ասաց Էլբակյանը։

Գոռ Առաքելյանը կալանավորված է, մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ։ Վարդուհի Էլբակյանը, հաստատելով, որ արյունալի միջադեպի պատճառը Առաքելյանի մեքենայի ճանապարհը փակելն է եղել, պնդեց, որ Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի գործողություններում որևէ դիտավորություն չի եղել։

«Նրանք [և Գոռ Առաքելյանը] նախկինում իրար չեն ճանաչել։ Դա ընդամենը եղել է մեքենան անհարմար տեղ կանգնեցնելու խնդիր, մեքենաները ինչ- որ պահ կանգնել են, մյուս մեքենան չի կարողացել անցնել, այդ ամենը դրանից է սկսվել։ Նախկինում նրանք իրար չեն ճանաչել և որևէ թշնամության և այլ հանգամանքների մասին, որ այսօր փորձում են խոսել, այդ մեկնաբանությունները իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց նա։

«Ձեր վստահորդները ծեծե՞լ են Գոռ Առաքելյանին» հարցին, փաստաբանը արձագանքեց.- «Եկեք ես այս պահին որևէ նման հայտարարություն չանեմ. իմ վստահորդները այսօր ինձ նման բան չեն ասել, որ իրենք նրան ծեծի են ենթարկել, հետևաբար ես նման հայտարարություն չեմ էլ կարող անել»։

Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց, որ Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը Ջավախքից են, Նորայրը Ռուսաստանի քաղաքացի է։

«Ռուսաստանի քաղաքացի է, բայց Հայաստանի հետ, բնականաբար, կապեր ունեն։ Նորայրը եկել էր ընդամենը քիթը վիրահատելու, 10 օրով»,- ասաց փաստաբանը։

Թե ի՞նչ է հաջորդել Գոռ Առաքելյանի մեքենայի ճանապարհը փակելուն, որից հետո նա կրակել է, ոչ Վարդուհի Էլբակյանը, ոչ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չեն հրապարակում՝ վկայակոչելով շարունակվող նախաքննությունը։

Այնուհանդերձ Էլբակյանը տարակուսած էր, որ փորձ է արվում Գոռ Առաքելյանի գործողությունները ներկայացնել որպես ինքնապաշտպանություն։ Հիշեցնենք, և ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն էր մամուլի հետ զրույցում պնդել, որ « Գոռին կնոջ, երեխայի ներկայությամբ ծեծել, ջարդել են», դրա համար է կրակել, և նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն էր նույնը պնդել։

«Որևէ ձևով դա չեմ կարող հասկանալ, ինձ համար դա առնվազն տարօրինակ է, երբ պաշտոնյաների մակարդակով կարող է ապօրինի զենք կրելը արդարացված համարվել։ Նախ պետք է այդտեղից սկսել։ Այսինքն պետք է բոլորս անօրինական զենքերով ման գանք, և եթե հանկարծ ինչ-որ մեկը մյուսի ճանապարհը կտրի կամ շեղի մյուսի ճանապարհը, պետք է հանել ու կրակե՞լ, դա արդարացվա՞ծ է համարվում»,- նշեց Էլբակյանը՝ ընդգծելով, որ Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյան մոտ զենք չի եղել։

Փաստաբանը տեղեկացրեց, որ քննչական մարմնին իրենք որևէ բողոք դեռ չեն ներկայացրել.- «Եթե մեր կողմից ցուցմունքներ չեն տրվել, հայտարարություններ չեն արվել, բնականաբար, բողոքել- չբողոքելու հարցն էլ դեռևս չի քննարկվել»։

Ինչ վերաբերում է կալանավորված Գոռ Առաքելյանին, նրա պաշտպան Երեմ Սարգսյանը ապօրինի զենք կրելու մեղադրանքը չի մեկնաբանում՝ սպասելով քննության արդյունքներին։ Իսկ սպանության փորձի մեղադրանքը փաստաբանը համարում է «անհիմն»՝ պնդելով, որ Առաքելյանի արարքում սպանության դիտավորություն չի եղել։

«Հասարակ բան. գետնի վրա առկա են գնդակի հետացատկի հետքեր, ինչը նշանակում է, որ նախապես գետնին է կրակվել։ Դեռևս փորձագետները եզրակացություն չեն տվել, թե դա գետնից է բարձրացել, թե՝ ոչ, բայց ունենք, որ գետնին կրակոցներ եղել են. այսինքն՝ զենքը ուղղված էր դեպի հատակ։ Եվ ունենք գոտկատեղից ներքև վնասվածքներ. հիմա եթե միայն այս երկուսը վերլուծենք, ի՞նչ է նշանակում. սպանություն կատարողը, որը ցանկանում է անձանց կյանքից զրկել, կրակում է գետնի՞ն կամ կրակում է ոտքերի շրջանո՞ւմ»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Սարգսյանը։

Վերնիսաժի կրակոցների հետևանքով Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանից բացի ևս երեք պատահական քաղաքացիներ էին վիրավորվել։ Հիվանդանոցից տեղեկացանք, որ նրանցից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսները ապաքինվում են։