Մատչելիության հղումներ

Վերնիսաժի կրակոցների գործով ձերբակալվել է Գոռ Առաքելյանը


Ոստիկանները աշխատում են պատահարի վայրում, Երևան, 17-ը մայիսի, 2014թ․
Ոստիկանները աշխատում են պատահարի վայրում, Երևան, 17-ը մայիսի, 2014թ․

Այլ ձերբակալվածներ այս պահին չկան:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի և քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շաբաթ օրը Վերնիսաժում տեղի ունեցած հանցագործությունը կատարել է 1985 թվականին ծնված Գոռ Առաքելյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանությունից:

Ըստ նույն աղբյուրի՝ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 18-ին Գոռ Առաքելյանը ներկայացել է Ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնականի քննչական բաժին:

Առաքելյանը ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի առանց գործարանային համարի ատրճանակ:

Գոռ Առաքելյանը ձերբակալված է, այլ ձերբակալվածներ այս պահին չկան, նախաքննությունը շարունակվում է:

«Ազատության» տեղեկություններով, ձերբակալվածը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է՝ դստեր ամուսինը:

Անցած շաբաթ օրը՝ մայիսի 17-ին Վերնիսաժում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ մարդ հրազենային վիրավորում է ստացել:


Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG