Ռուսաստանցի փորձագետը «անսպասելի և տարօրինակ» է համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը

«Ազատության» հարցերին պատասխանել է ռուսաստանցի մեկնաբան և փորձագետ Վադիմ Դուբնովը։

Անցած շաբաթ օրը, հիշեցնենք, Հայաստանի նախագահը հայտարարել էր. - «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Դուբնովը այս հայտարարությունը «անսպասելի և տարօրինակ» է համարում։ Ռուսաստանցի փորձագետը համարում է նաև, որ այն, ինչ տեղի է ունեցել Աստանայում, «նախօրոք ծրագրված բեմադրություն էր». - «Գոնե հիմնադիր անդամ երկրների ղեկավարների համար անսպասելի չէր Ղազախստանի նախագահը հայտարությունը Ղարաբաղի մասին: Եվ ոչ ոք չէր վախենում, որ կլինեն համեմատականներ նույն Ղրիմի հետ» ։

Այսինքն և' Պուտինը, և' Նազարբաևը, և' Լուկաշենկոն համոզված էին, որ հնչած տհաճ հայտարարություններին ի պատասխան Սարգսյանը Ղրիմից չի խոսի։

Վադիմ Դուբնովը հնարավոր է համարում, որ Հայաստանի անդամակցության մասին պայմանագրում նույնիսկ առանձին կետ լինի, որ Հայաստանը միանում է միությանը առանց Ղարաբաղի` հավելելով. - «Ճիշտ է այդ կետը սոսկ ֆորմալ նշանակություն է ունենալու»:

Ռուսաստանցի փորձագետը համոզված է, որ հունիսի 15-ին Հայաստանը ստորագրելու է Եվրասիական միությանը անդամակցելու մասին համաձայնագիրը, և Հայաստանում չկան ուժեր, որոնք կարող են պարտադրել Սերժ Սարգսյանին հրաժարվել դրանից:

Եթե արտաքին քաղաքականությունում Հայաստանի նախագահը, փորձագետներից շատերի կարծիքով, բավականին թույլ դիրքեր ունի, ապա երկրի ներսում, ըստ Դուբնովի, նրա դիրքերը ամուր են. - «Նա մաքրել է քաղաքական դաշտը: Տանուլ տալով շատ բան արտաքին դաշտում` սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանը լրջորեն ամրապնդել է իր դիրքերը երկրի ներսում»։

Փորձագետը չի բացառում, որ ապագայում Ղազախստանի նախագահը իր բարեկամ Իլհամ Ալիևի «խնդրանքով» կարող է նույնիսկ հայտարարություններ անել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Եվրասիական միությանը, ապա, Դուբնովի խոսքով, նույնիսկ եթե այսօր Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագրից հանվել են քաղաքական կետերը, Մոսկվայի համար այս միությունը շարունակում է մնալ քաղաքական ծրագիր, և քաղաքական օրակարգին Կրեմլը առաջիկայում նորից կանդրադառնա։

Ի դեպ, երեկ ռուսական ՌԲԿ հեռուստաընկերության ծրագրերից մեկում փորձագետները քննարկում էին Եվրասիական միության թեման, և այսպիսի որակում հնչեց՝ թուրք-սլավոնական միություն: