«Մարդը կարիքի մեջ» ծրագիրը փորձում է խրախուսել արտագաղթածների վերադարձը

Եվրամիության «Մարդը կարիքի մեջ» ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Ֆիլիպ Հովհաննիսյանի փոխանցմամբ` ծրագրի շրջանակներում փորձում են խրախուսել արտերկրում աշխատող հայաստանցիների վերադարձը` տրամադրելով սեփական գործը հիմնելու համար մինչև 5 միլիոն դրամաշնորհներ:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե որքանով է իրատեսական, որ իրենց շահառուները հետագայում կրկին չեն հեռանա Հայաստանից, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Այստեղ մեծ լուման պետությունը պետք է ունենա: Մենք անում ենք շատ փոքրիկ մի մասնիկ, որը կօգնի պետությանը ավելի ճիշտ աշխատել: Բայց հարկերը, մնացած բաները, որոնք կարող են խոչընդոտել և կարող են հակառակը`նպաստել, դա այն բանն է, որ մենք դրա գործոնը այդքան շատ չունենք, ցավոք: Երբ նոր բիզնեսը ստեղծվում է, և միանգամից երկրորդ օրը գնում է վճարումներ անելու, երբ դեռ չի էլ սկսել իր գործունեությունը, մի քիչ դժվարացնում է բիզնեսի զարգացումը Հայաստանում»:

Նույն Եվրամիության ֆինանսավորմամբ պատրաստված «Վերաինտեգրացիա» զեկույցում նշվում է, որ Հայաստանում լրջագույն խնդիր է բիզնես-միջավայրի բացակայությունը:

«Ազատության» հետ զրույցներում Ռուսաստանի Դաշնությունից հայրենի Արմավիր վերադարձած Կարեն Մուրադյանը և Կարինե Միրզոյանը, ասացին, որ պատրաստվում են սեփական գործը հիմնել. Կարենն ուզում է ավտովերանորոգման արհեստանոց բացել, իսկ Կարինեն` վարսավիրանոց:

«Ռուսաստանում աշխատանք կա, փող կա, բայց կյանք չկա: Առավոտից երեկո պիտի աշխատես, առավոտն արթնանաս, նորից աշխատես: Այստեղի պես չէ, որ դուրս գաս, շփվես, հարազատ ունենաս»», - ասաց երկու տարի Ռուսաստանում աշխատած Կարեն Մուրադյանը` հավելելով, որ առայժմ հողագործությամբ է զբաղվում, բայդ գրում է բիզնես-ծրագիր` իր արհեստանոցը բացելու համար:

«Եթե գործերս լավ լինեն, ամուսնուս էլ կբերեմ տուն», - ասաց Կարինե Միրզոյանը, որը մեկուկես տարի ամուսնու հետ Ռուսաստանում է ապրել, բայց երբ երեխա է ունեցել, վճռել է, որ փոքրիկը պետք է հայրենիքում մեծանա, նաև կարոտել է այստեղ մնացած ծնողներին: