Բանակցվում է հայաստանցի միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանալու հարցը

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը փորձում է Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանալ նախքան Մաքսային միությանն անդամակցելը:

Պաշտոնապես երկարաժամկետ աշխատանքի նպատակով Ռուսաստան է մեկնել մոտ 1.2 միլիոն հայաստանցի: Եվս 100 հազար ՀՀ քաղաքացի ամեն տարի մեկնում է կարճաժամկետ աշխատանքի:

Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը նշում է, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, հայաստանցիներն ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն ռուսաստանյան աշխատաշուկայում:

«Եթե մենք մեկ ամիս առաջ էլ ունենանք այդ խաղի կանոնները մեր միգրանտների համար, հազարավոր մեր քաղաքացիներ մեկ ամիս շուտ կօգտվեն դրանից: Եթե հիմա մեր քաղաքացին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի համար առանձին բյուրոկրատական ընթացակարգով պետք է թույլատվություն, փաստաթղթեր, պետական տուրք, հոգեմաշ գործունեություն... այդ ամբողջ համակարգը դուրս է գալիս: Աշխատաշուկան լրիվ բացվում է: Այսինքն Հայաստանի քաղաքացին համահավասար է աշխատանք գտնելու առումով Ռուսաստանի քաղաքացուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եգանյանը:

Նրա փոխանցմամբ, քննարկվելու է նաև Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող միգրանտների հարցը, որոնց առջև այս տարեսկզբին Ռուսաստանի միգրացիոն օրենքի խստացումից հետո փակվել են դռները:

Միևնույն ժամանակ, փորձելու են մեղմացումներ ստանալ այն 170 հազար քաղաքացիների համար, որոնք խախտել են միգրացիոն ռեժիմը, սակայն ցայսօր Ռուսաստանում են. սահմանը հատելուց հետո նրանց առջև դռները կփակվեն մեկ կամ մի քանի տարով:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, թեև մի կողմից լավ է, որ մեր միգրանտների համար բարենպաստ պայմաններ են փորձում ստեղծել, սակայն այդկերպ իշխանությունները առաջին հերթին իրենց խնդիրներն են լուծում: Հերթական անգամ նրանք Հայաստանի ներքին տնտեսական իրավիճակը կարգավորելու և քաղաքացիների համար աշխատանքային հնարավորություններ ապահովելու, գործարարությամբ զբաղվելու համար միջավայր ստեղծելու փոխարեն, դարձյալ ստեղծում են պայմաններ , որ մարդը թողնի ընտանիքը և արտագաղթի:

«Կարծում եմ, որ մեր իշխանությունների գլխավոր շահագրգռությունն այս պահին այն է, որ դրսում աշխատանքը, որից եկած եկամուտները Հայաստանի համախառն ներքին արդյունքի առնվազն մեկ երրորդն են կազմում, չպակասի: Որովհետև մեր ներքին տնտեսական շարժը մեծ չափով կախված է հենց այդ տրանսֆերտների հետ: Եթե այդ մարդիկ չգնան և չաշխատեն, նախ սոցիալական լարվածությունը զգալի պիտի մեծանա, երկրորդ` ներքին տնտեսական ճգնաժամը պիտի խորանա, և երրորդ` չասեմ նույնիսկ մեր արտադրողները, մեր վերավաճառողները իրենց վերջին գնորդներին են կորցնելու»: