Գերմանիայի դեսպան. Հայաստանի հետ համագործակցելու մոդել կգտնենք

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորել

Մոտ ապագայում Մաքսային միությանը անդամակցող Հայաստանում Եվրամիության օրեր են անցկացվում։

Բնականաբար, հետաքրքրող հարցերից մեկն այն էր, թե արդյոք Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ: Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան այսօր Գյումրիում ասաց, որ այսօրվա միջոցառմանը իրենց ներկայությունը փաստում է, որ համագործակցությունը շարունակվում է:

«Եվրամիությունը հարգում է իր ինքնիշխան գործընկերների ինքնուրույն որոշումները: Ինչպես երկուստեք համաձայնեցինք Արևելյան գործընկերության վիլնուսյան գագաթնաժողովին, մենք երկարատև ու ծավալուն համագործակցության օրակարգ ունենք ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության, քաղաքացիական հասարակության կայացման և կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց ԵՄ-ի դեսպանը։

«Խոսքը նաև անձանց միջև շփումների, ազատ տեղաշարժի, ինչպես նաև այն ոլորտային համագործակցության մասին է, որ համատեղելի է Մաքսային միությանը Հայաստանի միանալուն: Այսինքն համագործակցության հեռանկարները դիտում ենք որպես շատ լավ առիթ և հնարավորություն ապագայում միասին աշխատելու համար»,- ասաց Հրիսթեան։

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Եվրամիության երկրների հետ համագործակցությունից խոսեց նաև Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը՝ ասելով, թե ՄՄ-ն առևտրային, ոչ թե քաղաքական ուղի է։

«Հայաստանը որոշեց գնալ այդ ուղղությամբ՝ դեպի Մաքսային միություն, որդեգրեց այդ տնտեսական ուղղությունը՝ որոշակի ծրագրերի համար։ Մաքսային միությունը առևտրային միություն է, այն քաղաքական միություն չէ»,- ասաց գերմանացի դիվանագետը ու հավելեց, թե Հայաստանի հետ համագործակցության հիմքերն ու շրջանակներն առկա են, դրանք պետք է համապատասխանեցնել եվրոպականի հետ ու առաջ շարժվել։

«Այդ աշխատանքներն անպայման կիրականցվեն: Հիմա ողջ Եվրոպայում խորհրդարանական ընտրություններ են և ավարտից հետո, երբ կձևավորվի նոր խորհրդարանը, կապ կհաստատենք Հայաստանի ներկայացուցիչների հետ և կորոշենք, թե ինչպես աշխատենք: Այո, իրոք Հայաստանն ընտրել է ՄՄ մտնելու ճանապարհը, բայց այլ ուղիները չի բացառում: Համոզված եմ, որ մի մոդել կգտնենք, որի միջոցով կկարողանանք համագործակցել Հայաստանի հետ: ՄՄ-ն առևտրային գոտի է, դուք կարող եք համագործակցել այլ երկրների հետ, այլ կերպ ասած՝ երկիրը դեռ կարող է ազատորեն պարել նաև այլ աղջիկների հետ»,- պատկերավորեց Մորելը։

Դեսպանին հարցրեցինք՝ այսինք Եվրամիությունը խոչընդոտ չի տեսնո՞ւմ Հայաստանի հետ համագործակցության հարցում.- «Ոչ, կան որոշակի միջոցառումներ ու ծրագրեր, որոնք չեն համապատասխանում Եվրամիության չափորոշիչներին, բայց Հայաստանը ազատ է մասնակցելու»,- եզրափակեց դեսպան Ռայներ Մորելը:

Եվրամիության օրերի բացման կապակցությամբ այսօր Գյումրիում մի շարք միջոցառումներ անցկացվեցին եվրոպացի դիվանագետների մասնակցությամբ: Այդ միջոցառումները մեկ շաբաթ կտևեն։ Մայիսի 24-ին Երևանում կկայանա Հայաստանում Եվրամիության օրերի պաշտոնական փակումը: