Հանրային խորհուրդը անընդունելի է համարում Վոլինկինի հայտարարությունը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, արխիվ

Հայաստանի հանրային խորհուրդը, որի կառույցներում ընդգրկված են հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում երկրում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի՝ ««Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած այն հայտարարության կապակցությամբ, թե պետք է «նոր մեթոդներ գործադրել հայ - ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»: Այդ մասին ասված է Հանրային խորհրդի այսօր տարածած հաղորդագրությունում:

«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման կարևոր ձեռքբերումներից ու երաշխիքներից է տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի հզորացումը: Կարևորելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունները, խնդիրը դիտարկելով անգամ վերջին ժամանակներս Ռուսաստան - Արևմուտք հարաբերություններում արձանագրվող լարվածության համատեքստում` այնուհանդերձ, Ռուսաստանի Դաշնության դեսպանի հայտարարությունը համարում ենք ոչ կոռեկտ և անընդունելի», - հայտարարում է Հանրային խորհուրդը՝ վստահեցնելով, որ շարունակելու է իր հետևողական գործունեությունը երկրում բազմակարծության, խոսքի ազատության պաշտպանության և ժողովրդավարական հաստատությունների զարգացման բնագավառում: