Պուտինը Հաղթանակի օրն այցելեց Ղրիմ. Մարիուպոլում թեժ մարտեր են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրը Սևաստոպոլում հանդիպել է զինվորականներին, 9 մայիսի, 2014թ.

Հոգեկան հիվանդ կանվանեին նրան, ով մեկ տարի առաջ կասեր, թե 2014 թվականի մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որպես գերագույն գլխավոր հրամանատար կընդունի ռազմական շքերթը Դաշնությանը բռնակցած Ղրիմում, իսկ այդ նույն ժամերին Ուկրաինայի արևելյան շրջանում տեղի կունենան արյունալի մարտեր Ուկրաինայի պետական բանակի և Մոսկվայի աջակցությամբ ապստամբած ռուս զինված անջատականների միջև։

Բայց դա է 2014-ի մայիսի 9-ի դաժան իրողությունը։ Պուտինը Սևաստոպոլում ասել է, թե երջանիկ է, որ այս սուրբ օրը, երկրի ամենակարևոր տոնը նշում է սևաստոպոլցիների հետ։ Նա ասել է նաև, թե առջևում մեծ աշխատանք կա։

«Բայց բարդությունները կհաղթահարվեն, որովհետև մենք միասին ենք, ուրեմն ավելի ուժեղ ենք, շնորհավոր մեծ հաղթանակը»,- ասել է Պուտինը։

Նախքան Ղրիմ մեկնելը Պուտինը ներկա էր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին։

«69 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմի ավարտից, բայց մայիսի 9-ը եղել է, կա և կմնա մեր մեծագույն տոնը։ Սա ազգային հաղթանակի, ազգային հպարտության և հավերժ հիշատակի ու սգո օր է»,- ասել է Պուտինը։

Մինչդեռ, Մարիուպոլում թեժ կռիվ էր։ Ուկրաինական ուժերը փորձել է գրավել ռուս անջատականների հսկողության տակ գտնվող ոստիկանության վարչության շենքը։ Այն ամբողջությամբ հրդեհվել է։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է հաղորդագրություն, որի համաձայն, մարտում սպանվել է 20 ռուս անջատական (Ավակովի որակմամբ` ահաբեկիչներ), սպանվել է ուկրաինացի մեկ զինծառայող, կա հինգ վիրավոր, բացի այդ, ուկրաինացիները գերեվարել են չորս անջատականի։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուկրաինացիները զրահամեքենաներ են կիրառել։

Ուկրաինայում Հաղթանակի օրվան նվիրված լայնածավալ միջոցառումներ չեն եղել, բայց տարբեր շրջաններում տեղի են ունենում ոչ պաշտոնական արարողություններ։

Դոնեցկում պատերազմի վետերանները ծաղկեպսակներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի մոտ և հարգանքով ունկնդրել են Ուկրաինայի պետական օրհներգը։ Սակայն Լուգանսկում վետերանները Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության դրոշն են պահել։

Ըստ իշխանությունների, մայրաքաղաք Կիևում «անջատական սադրիչները փորձել են ոչնչացնել հեռուստատեսության էլեկտրամատակարարման ցանցը, դա առաջացրել է կարճ միացում, որի հետևանքով հեռուստակենտրոնում հրդեհ է սկսվել, սակայն այն մարել են, և կայանը վերականգնել է եթերը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր Կիևի մայր տաճարում ասել է, որ 69 տարի առաջ ուկրաինացիները ռուսների հետ ուս-ուսի տված կռվել են ֆաշիզմի դեմ և հաղթել են։

«Սակայն այսօր Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Հիմա պատմությունը կրկնվում է ուրիշ եղանակով, Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին, ովքեր սպանում են խաղաղ մարդկանց, որոնց դեմ մենք սկսել ենք հակաահաբեկչական գործողությունը»,- ասել է Յացենյուկը և ավելացրել.- «Հաղթանակից 69 տարի անց Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն են ուս-ուսի տված կանգնել Ուկրաինայի կողքին»։