Եվրասիական միությունում վերպետական կառույցները համակարգելու են ոչ միայն տնտեսական ոլորտը

Your browser doesn’t support HTML5

Եվրասիական միությունում վերպետական կառույցները համակարգելու են ոչ միայն տնտեսական ոլորտը

Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Եվրասիական միությունում վերպետական կառույցները համակարգելու են ոչ միայն տնտեսական ոլորտը, այլև՝ գուցե քաղաքական և ռազմական:

Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը ղեկավարում է ռուսաստանյան պետական ֆինասնավորմամբ գործող Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան մասնաճյուղը:

Միևնույն ժամանակ Միհրանյանը ընդգծեց. - «Ի տարբերություն հին Խորհրդային Միության` այս նոր կառույցներում չի լինելու դիկտատը մի կենտրոնի մյուսների նկատմամբ: Այնքան խորը պրոցեսը կլինի, ինչքան որ մասնակից երկրները պատրաստ կլինեն: Այսինքն, իհարկե, ակնկայտ է, որ պետք է լինի ընդհանուր վալյուտա: Բայց տեսնում եք` գրեթե քսան տարի ընդհանուր արժույթ չեն կարողանում մտցնել նույնիսկ Ռուսաստանի ու Բելառուսի մեջ, չնայած 1994 թվականին պայմանավորվեցին, որ մեկ-երկու տարի հետո պետք է լինի ընդհանուր արժույթը»:

Խոսելով Եվրասիական միությունում վերպետական կառույցների կողմից արտաքին քաղաքական ու ռազմական ոլորտների համակարգման մասին՝ մեր զրուցակիցը հայտնեց. - «Իհարկե, այդպիսի ավելի սերտ կառույցների դեպքում կոորդինացման պրոցեսը երևի կլինի ավելի ակտիվ և ավելի խորը: Բայց դա չի նշանակում, որ, ասենք, բոլորովին կոնֆլիկտներն ու հակասությունները դուրս են բերվելու»:

Հարցին` դուք կարծում եք, որ երկրները կկարողանա՞ն ինչ-որ բալանս ստեղծել Ռուսաստանին, թե՞ կարծում եք, որ բալանսի անհրաժեշտությունը չկա, Միհրանյանն արձագանքեց. - «Որևէ մեկը խոսո՞ւմ է բալանսի մասին, ասենք, ՆԱՏՕ-ի մեջ: Ի՞նչ բալանս կարող է լինել Միացյալ Նահանգների դեմ: Միացյալ Նահանգները դոմինանտ ուժն են այնտեղ և նրանք ինչպես որոշում են ընդունում, ունեն լծակներ… Մեծ երկրները, ավելի շատ ռեսուրս ունեցողները, ավելի գործուն արգումենտներ ունեն իրենց պարտնյորների հետ համագործակցության մեջ: Սա բնության օրենքն է»:

Չնայած Միհրանյանը ընդգծեց, որ ոչ ոք Կրեմլում նպատակ ու ցանկություն չունի վերստեղծել Խորհրդային Միությունը, սակայն միաժամանակ հետևյալ ուշագրավ հայտարարությունն արեց․ - «Ես չեմ տեսնում, որ այսօր մեծ տագնապ կա հետսովետական տարածքում, որ այս կամ այն հանրապետությունը կարող է դառնալ Ռուսաստանի անքակտելի մի մասը»:

Առ այսօր չի դադարում քննադատությունը Պուտինի վարչակազմի հասցեին, թե Եվրասիական միության ստեղծման իրական նպատակը ԽՍՀՄ-ի վերականգնումն է:

«Փորձ է արվում վերախորհրդայնացնել տարածաշրջանը։ Սա կկրի կա՛մ Մաքսային միություն, կա՛մ Եվրասիական միություն, կա՛մ որևէ նման մի անուն: Մենք կփորձենք արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի կա՛մ դանդաղեցնենք, կա՛մ կասեցնենք այս գործընթացը», - 2012-ի դեկտեմբերին Դուբլինում հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Ես առաջին ձեռքից եմ ինֆորմացիա ունեցել, թե ինչպիսին է եղել Հայաստանի ու Ռուսաստանի դիրքորոշումը [Մաքսային միությանը Երևանի միանալու] հարցում, որովհետև ընկերական ու գործնական հարաբերությունների մեջ եմ [Ռուսաստանի նախագահի խորհրդական] Սերգեյ Գլազևի ու մյուսների հետ, ովքեր Ռուսաստանի կողմից անմիջականորեն այդ գործ մեջ էին: Հպարտանում եմ նաև, որ երբ լինում եմ Երևանում (նույնիսկ ոչ միայն Երևանում), առիթ եմ ունենում հանդիպել Հայաստանի նախագահի հետ», - ասաց Անդրանիկ Միհրանյանը, ում խնրեցինք ներկայացնել, թե ինչպես է կայացվել 2013-ի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից ճնշում այդ հարցում եղել է, քաղաքագետը պատասխանեց. - «Եթե եղել է նույնիսկ ճնշումը, դա սովորական իմաստով չէ: Եղել է այն, ինչը որ ես ինքս եմ տեղյակ: Սա եղել է գործարք: Եթե դուք միանում եք այս կառույցին, դուք ունենալու եք այս, այս, այս հնարավորությունները: Եթե դուք միանում եք այն կառույցին, դուք, իհարկե, գուցե ունենաք այս, այս, այս, բայց կարող եք կորցնել այս… Այսինքն եղել է սթափ հաշվարկ»:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Ղարաբաղի հարցն էլ մտնում էր գործարքի մեջ, Միհրանյանն արձագանքեց. - «Ղարաբաղի հարցը Հայաստանի անկախության, պետականության ուժեղացման և անվտանգության հարցն է: Այս հարցերում, իհարկե, Ռուսաստանը խաղում է շատ վճռական դեր: Եվ հասկանալի է, որ եթե Հայաստանը շարժվում է այլ ուղղությամբ, սա կարող է ունենալ իր ազդեցությունը Հայաստանի պետականության և հայության բոլոր կողմերի հետ, այդ թվում և Ղարաբաղի»: