Դատախազությունը զգուշացնում է «Դեմ եմ»-ին

«Դեմ եմ» շարժման ապրիլի 9-ի ակցիան Երևանի Հանրապետության հրապարակում

«2014 թվականի ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան և հարակից փողոցների երթևեկությունը: Հիշեցնենք, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ», - այսօր հայտարարել է Հայաստանի դատախազությունը:

Դատախազությունն ընդգծում է, որ «հավաքներ և երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ և միտումնավոր խախտումներով», և «առավել ևս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը և այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը»:

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու և այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու», - ասված է հայտարարությունում: