Մատչելիության հղումներ

«Դեմ եմ»-ի բողոքի ակցիայի մասնակիցները նստացույցով փակել էին Նալբանդյան փողոցը


«Դեմ եմ» շարժման բողոքի ակցիայի մասնակիցները նստացույցով այսօր փակեցին Նալբանդյան փողոցը:

Երկու ժամից ավելի կաթվածահար անելով երթևեկությունը՝ ցուցարարները պահանջում էին Ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին իջնել և բացատրություն տալ, թե ինչու կառավարությունը մինչև օրս չի հրահանգել Պետեկամուտների կոմիտեին փոփոխություն մտցնել էլեկտրոնային հաշվետվության ձևում, իսկ ավելի ստույգ՝ անջատել պարտադիր կուտակայինի համար պահումներ անող ինքնաշխատ հաշվիչը:

Տեսնելով, որ Դավիթ Սարգսյանը չի պատրաստվում իջնել և բացատրություններ տալ, ցուցարարները սկսեցին պահանջել, որ կառավարությունից որևէ մեկը իջնի և իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը: Եվ այդ մարդը, փաստորեն, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ով այս անգամ նորից երկխոսության առաջարկ արեց բողոքի դուրս եկած քաղաքացիներին՝ հորդորելով աշխատանքային խումբ ձևավորել կառավարության հետ օրենսդրական փոփոխությունները քննարկելու համար:

«Մենք չենք կարող հրապարակում քննարկել օրենսդրական փոփոխությունների խնդիր, որը հիմա պատրաստվում է աշխատանքային խմբի կողմից: Եվ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները օրենսդրական փաթեթում, որը մենք պատրաստում ենք Սահմանադրական դատարանի որոշումը իրացնելու համար, ձեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները առկա են», - հայտարարեց նախկին վարչապետը՝ հավելելով, թե դրա համար անհրաժեշտ է, որ ակտիվիստները աշխատանքային խումբ ձևավորեն, որի հետ Կառավարության աշխատանքային խումբը կքննարկի առաջարկությունները:

«Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը նախկին վարչապետին, և ինչպես ինքն ասաց՝ օրենքի հորը, տեղեկացրեց, որ հանրությունը պարզապես պահանջում է ի կատար ածել ՍԴ որոշումը և ոչ թե դրա առանձին վերցված դրույթներ:

«Մենք պահանջում ենք, որ Պետեկամուտների կոմիտեն փոխի, համապատասխան հանձնարարականով, էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը և այդ ինքնաշխատ դաշտը՝ կուտակային վճարների համար, դարձնի ձեռքով լրացվող», - ասաց Մանուկյանը՝ հարցնելով նախկին վարչապետին․ - «Կառավարության նիստում այս հարցին լուծում տրվելո՞ւ է»:

«Հարգելի գործընկերներ, այս ձեր բարձրացրած հարցի պատասխանը դուք ուզո՞ւմ եք լսել: Ուրեմն պետք է իրավասու մարմինները, պետք է այդ հարցը քննարկեն և ձեզ տրվում է բացառիկ հնարավորություն մասնակցել այդ քննարկմանը», - ասաց նախկին վարչապետը:


Տիգրան Սարգսյանը հեռացավ սուլոցների ներքո՝ այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նախկին վարչապետը իրավունք ունի՞ Կառավարության անունից երկխոսության առաջարկ անել:

«Դեմ եմ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանն, արդեն մեզ հետ զրույցում ասաց, որ ՍԴ որոշումը քննարկելը պարզապես ապօրինի գործարք է:

«Ոչ ոք իրավասու չէ հրավիրել երկխոսության, քննարկել դատարանի որոշումները, որոշման կատարման ծավալը կամ ձևը: Ես դա, որպես քաղաքացի, համարում եմ ապօրինի գործարք», - հայտարարեց նա:

Մինչ կգար նախկին վարչապետը, ցուցարարներին հանդիպեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ պնդելով, թե կառավարական շենքի առջև խմբված հարյուրավոր ակտիվիստների գործողություններն անօրինական են:

Ոստիկանները անգամ բռնության դիմեցին փողոցը բացելու համար, ակտիվիստերից մեկը բերման ենթարկվեց: Որոշ ժամանակ անց կրքերը մի փոքր հանդարտվեցին, արդեն նստացույցի ժամանակ ոստիկանները միայն հորդորում էին դուրս գալ ճանապարհից, քանի դեռ չի լցվել իրենց համբերության բաժակը:

Այսօրվա ակցիայի մասնակիցները խոստացան շաբաթ օրը կայանալիք հանրահավաքից առաջ ավելի թեժացնել պայքարը, եթե հենց վաղը Կառավարության նիստում Կառավարության ժամանակավոր պաշտոնակատարները պատասխան չտան քաղաքացիական նախաձեռնությանն անհանգստացնող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG