Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Սենատի հանձնաժողովի կողմից

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Նալբանդյանը: