Ավարտվել է Հրաչյա Հարությունյանի գործով նախաքննությունը

Ավարտվել է Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ 18 մարդկանց կյանք խլած ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող ու 9 ամիս կալանքի մեջ գտնվող Հրաչյա Հարությունյանի գործով նախաքննությունը։
Ըստ նախաքննական մարմնի, վթարը տեղի է ունեցել մեքենայի անսարք լինելու պատճառով։

Հարությունյանի փաստաբանը նախաքննության արդյունքները կհրապարակի ավելի ուշ` տեքստը գրավոր ստանալուց ու ավելի մանրամասն ծանոթանալուց հետո։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրեցին, որ նախաքննությունն ավարտվել է ապրիլի 3-ին և 14 օրվա ընթացում գործն ուղարկվելու է դատարան։

Հիշեցնեմ, որ Հարությունյանին մեղսագրվում է երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտում, որը հանգեցրել է 2 կամ ավելի անձանց մահվան: Ավելի ուշ նա մեղադրվեց նաև կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ։

Վթարի հետ կապված մեղադրանքը Հարությունյանն ընդունել է, փաստաբանն էլ առարկություններ չունի։ Ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հարությունյանը պատրաստ է համապատասխան պատիժը կրել: Սակայն, ըստ Թումանյանցի, նրանց համար անընդունել է երկրորդ՝ կեղծ աշխատանքային փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքը։

«Իրեն տրվել է այդ աշխատանքային փաստաթուղթը և ինքը որևէ կերպ չէր կարող հասկանալ, որ բլանկը, որի վրա գրվել է փաստաթուղթը՝ կեղծ է, բացի դրանից մի փոքր իրավիճակն է անհասկանալի, որ ինչպես կարող էր անմիջապես վթարից հետո, ինչպես որ ներկայացված էր նախաքննությունում, Հրաչյա Հարությունյանը ներկայացնել կեղծ փաստաթուղթ, երբ որ ինքը մեքենայից դուրս էր թռել և որ առողջապես ուղղակի շոկային վիճակում էր։ Իրեն տեղափոխել են հիվանդանոց։ Բայց իհարկե պետք է նշել, որ սա որևէ ձևով պատժի վրա չի անդրանադռնում, քանի որ առավելագույն պատիժն է աահմանված, այստեղ պարզապես բարոյական խնդիր է», - ասաց Թումանյանցը։

Հիշեցնեմ, որ դեպքից օրեր անց, երբ Հարությունյանը գտնվում էր շոկային վիճակում, նրան դատարանի դահլիճ բերեցին կանացի գույնզգույն խալաթով։ Սա բողոքի մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում. փաստաբանները պնդում էին, որ Հրաչյա Հարությունյանի՝ այդ տեսքով հայտնվելը դատարանում մարդու արժանապատվության ոտնահարում է։ Երևանում բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, թեև Մոսկվան սա բացատրեց որպես հապճեպության արդյունք` ընդգծելով, որ միտումնավոր ոչինչ չկա։ Այդուամենայնիվ Հարությունյանի փաստաբանը արժանապատվությունը նվաստացնելու փաստով դիմել է դատարան` ոչ թե բարոյական փոխհատուցման, այլ ընդամենը փաստն արձանագրելու պահանջով։ Սակայն հայցը մերժվել է։

«Համարվել է, որ որևիցե խախտում տեղի չի ունեցել արժանապատվության, օրենսդրությամբ նախատեսված չէ, թե ում վրա է պարտավորություն պատշաճ կարգով ներկայացնել անձին դատարան: Քանի որ ոչ ոք նման պարտավորություն չունի հետևաբար ոչ ոք մեղավոր չէ։ Այսպիսի ինչ-որ սկզբունքով են առաջնորդվել բոլորը, այդ թվում նաև դատարանը դատական նիստին։ Դրա վերաբերյալ փաստաբանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, և առաջին նիստը խալաթի հետ կապված նախատեսվում է ապրիլի 24-ին», - փոխանցեց օմբուդսմենի խորհրդականը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` սա ոչ թե մարդու, այլ ազգային արժանապատվության խնդիր է, հետևաբար այս հայցը կրկին պետք է դատարան մտնի. - «Հերթական անգամ Ռուսաստանի դատարաններն անտեսում են այդ բարոյական վնասը որպես իրավաբանական ու բարոյական կատեգորիա»։

Իսկ ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելուն, ապա օմբուդսմենի խորհրդականն ասաց, որ այդ հարցով կզբաղվեն վերջնական վճռից հետո։

Անդրադառնալով Հարությունյանի առողջական վիճակին` խորհրդականն ասաց, որ նա արդեն բողոքներ չունի, իրեն լավ է զգում, գտնվում է բժկական ամենօրյա հսկողության տակ։