Կառավարությունը պնդում է՝ կուտակայինի օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ

Your browser doesn’t support HTML5

Կառավարության մեկնաբանությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակում է մնալ ուժի մեջ և մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է նույն այն տեսքով, ինչ ուժի մեջ է մտել այս հունվարի 1-ից:

Այդ մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը:

Չորեքշաբթի ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց նշված օրենքի բազմաթիվ հոդվածներ: Բայց միաժամանակ հայտարարեց՝ «Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը»՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին և կառավարությանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ փոխկապակցված այլ օրենքների դրույթները համապատասխանեցնել Սահմանադրությանը»։

«Ի՞նչ է դա նշանակում մեր տնտեսվարողների համար, մեր քաղաքացիների համար, եթե Սահմանադրական դատարանը մեզ տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը: Դա նշանակում է, եթե ես ճիշտ եմ հասկանում, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով որ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, պետք է աշխատի մինչև սեպտեմբերի 30-ը, և մենք պետք է մինչև սեպտեմբերի 30-ը այդ հակասահմանադրական ճանաչված նորմերը վերանայենք: Այդպե՞ս է, պարոն Թովմասյան»,- արդարադատության նախարարին հարցրեց վարչապետը։

«Ճիշտ եք, պարոն վարչապետ: Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, համաձայն որի, վերջին դրույթն եմ ուղղակի ուզում հնչեցնել, նման պարագաներում օրենքը համարվում է սահմանադրական մինչև նրա ուժը կորցնելը»,- պատասխանեց նախարար Հրայր Թովմասյանը։

Թովմասյանի պարզաբանումից հետո վարչապետը կրկին նշեց․- «Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և դա նշանակում է, որ բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով, և մենք հնարավորություն ունենք մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական»։

Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ իր որոշմամբ ձևավորելու է աշխատանքային խումբ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները մշակելու և Ազգային ժողով ներկայացնելու համար: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ: Վարչապետը հրավիրեց նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ մասնակցելու խմբի աշխատանքներին:

Կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զգուշացրեց. - «Արդյոք այս որոշումից հետո պիտի գործատուները այդ վճարները կատարեն, քաղաքացիները իրենց ֆոնդերը ընտրեն, և չընտրելու դեպքում պատասխանատվություն առաջանալու է, թե՝ ոչ... մինչև սեպտեմբերի 30-ը այս օրենքը ամբողջությամբ գործում է, օրենքի բոլոր դրույթները ենթակա են կիրառման և կառաջացնեն իրավական հետևանքներ, եթե չկիրառվեն»։

ՍԴ երեկվա որոշումից հետո կենսաթոշակային հարցով ՍԴ դիմած կողմը հայտարարեց, որ քաղաքացիները այլևս կարող են մինչև սեպտեմբերի 30-ը կենսաթոշակային համակարգին վճարնել չանել: Այսօր Թովմասյանին հարցրեցին՝ այդպե՞ս է, թե՝ ոչ:

«Ոչ ոք չի ասել, թե պարտադիր կուտակայինը այլևս չպետք է լինի, և ՍԴ-ն այդպիսի բան չի ասել։ ՍԴ-ն ասել է, որ պատադիր կուտակայինի այս էլեմենտները, որոնք դուք նախատեսել եք, հակասում են Սահմանադրությանը»,- ասաց նախարարը։

ՍԴ որոշման մեջ նաև պահանջ կա՝ նոր իրավակարգավորումներից ելնելով՝ վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:

Արդարադատության նախարարից հետաքրքվեցինք՝ արդյոք սա չի նշանակո՞ւմ է, որ գործատուները պետք է աշխատակիցներին վերադարձնեն աշխատավարձերից պահված գումարները.- «Ո՛չ, չի նշանակում»,- ասաց նա։

Ըստ նախարարի, վերահաշվարկը վերաբերում է հետևյալին՝ եթե սեպտեմբերի 30-ից հետո կենսաթոշակայաին համակարգը սկսի գործել նոր պայմաններով, քաղաքացիների գումարները պետք է վերահաշվարկվեն և համապատասխանեցվեն այդ նոր պայմաններին.- «Այսինքն չստացվի, որ այս փուլում այդ իրավակարգավորումները այսպիսին էին, հետագայում մենք ավելի բարենպաստ ռեժիմ ենք սահմանում, ասում ենք՝ գիտեք ինչ, այն ժամանակ, որ դուք սկսել եք՝ 10-20 տարի, այն ռեժիմով եք գնալու։ Ասում ենք, որ ոչ, այս նոր ռեժիմը, որը ակնհայտ է՝ ավելի բարենպաստ է լինելու, որովհետև այդ հակասահմանադրականներն են վերանելու, նրանք ունենալու են հետադարձ ուժ»։