Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց իրեն կաշառելու փորձերի մասին

Your browser doesn’t support HTML5

Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց իրեն կաշառելու փորձերի մասին

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը սկսվեց դատարանի շենքի առջեւ ազատամարտիկների բողոքի ակցիայով․ մարտական ընկերոջը արդարացնող կոչեր հնչեցրին, քննադատեցին իշխանություններին Ավետիսյանին ճաղերի հետևում պահելու համար։

Երբ ազատամարտիկները, Ավետիսյանի համախոհներն ու հարազատները ցանկացան դատարան մտնել, կարգադրիչները նրանց արգելեցին՝ պատճառաբանելով դահլիճում ազատ տեղ չլինելը։ Վեճն ավարտվեց ի օգուտ Ավետիսյանի կողմնակիցների։

Վեց ամիս անազատության մեջ գտնվող Ավետիսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ համաձայն չէ մեղադրանքի հետ։ Նա, հիշեցնենք, մեղադրվում է խարդախության և խարդախության փորձի մեջ․ ըստ քրեական գործի՝ քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինիս որդուն բանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝ կրկին բանակում հարցեր լուծելու համար։

«Համարում եմ քաղաքական հետապնդում: Որովհետև ես 2013 թվականի մայիսին, երբ ազատամարտիկները սոցիալական խնդիրները լուծելու համար նստացույց կազմակերպեցին, կոնկրետ 3-4 օր անընդհատ իշխանական թևից մարդիկ՝ ինձ ծանոթ, առաջարկեցին նստացույցը դադարեցնել: Հրաժարվեցի: Հետո առաջարկեցին գումար՝ կլորիկ գումար, կամ աշխատանք, կամ բիզնես Էջմիածնում կամ Երևանում», - ասաց նա՝ հայտարարելով, որ իր նկատմամբ հետապնդումները սկսվեցին, երբ հրաժարվեց իշխանությունների առաջարկած այս գործարքից ու շարունակեց բողոքի ակցիաները՝ ազատամարտիկների կյանքի որակի բարելավման պահանջով։

Նշեց, որ իր կալանավորումից հետո էլ այս գործով քննիչն իրեն գործարք է առաջարկել, ինչից նույնպես հրաժարվել է․- «Հեռախոսս լսել են, ընտանեկան խոսակցությունները վերագրել են նշված գործին: Ձերբակալելուց հետո կալանատուն ինձ մոտ եկել է (առանց դատապաշտպանի) քննիչս, ունեցել է ինձ հետ առանձին խոսակցություն․ եթե ես հրաժարվում եմ հետագա պայքարից և հանդիպում եմ լրագրողների հետ, հաջորդ դատին ներկայացնում է միջնորդություն ինձ բաց թողնելու»:

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ուշադրություն հրավիրեց, որ այս գործում չկան տուժողներ՝ հայտարարելով․ - «Սա նշանակում է, որ չկա նաև հանցագործություն»։

Զաքարյանը երկու միջնորդություն ներկայացրեց․ միջնորդեց դատավարությունը չշարունակել այս դատարանում, քանի որ գործը, համաձայն օրենքի, պետք է քննի այն դատարանը, որի տարածքում են կատարվել հանցագործությունները: Ավետիսյանին մեղսագրվող արարքները կատարվել են Արմավիրի մարզում և Երևանի Ազատության հրապարակում, այլ ոչ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում։ Նշենք, որ հենց այս դատարանն է նրան կալանելու մասին որոշում կայացրել։

Զաքարյանը դատավարությունն ուրիշ դատարանում քննելու պահանջ էր ներկայացրել նաև այն պատճառաբանությամբ, որ նման պարագայում Ավետիսյանին պետք է ազատ արձակեին հենց դատարանի դահլիճից։

Փաստաբանի ներկայացմամբ, Ավետիսյանի կալանքի ժամկետը լրացել է մարտի 19-ին, ինչից հետո նա արդեն չպետք է պահվեր ճաղերի հետևում․ - «Եթե այլ դատարան ուղարկվեր, ապա Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, չէր կարող այս դատարանը խափանման միջոցի հարցին անդրադառնալ: Իսկ եթե չէր կարողանում անդրադառնալ, ապա Վոլոդյա Ավետիսյանի կալանքի տակ գտնվելու վերջնաժամկետը լրացել է մարտի 19-ին: Ուստի նա ենթակա է անհապաղ ազատ արձակման»:

Դատախազ Հենրիկ Պապիկյանը բացատրեց, թե ինչու է դեմ պահեստազորի գնդապետին կալանքից ազատ արձակելուն՝ փաստարկելով, թե Ավետիսյանի կողմից վկաների վրա ազդելու փորձեր են արվել․ - «Հանդիպումներ են եղել գործով անցնող վկաների հետ՝ նրանց նախապատրաստելու, համոզելու»:

Հակադարձելով դատախազին՝ Զաքարյանը հայտարարեց, թե գործում չկան այնպիսի նյութեր, որոնք կվկայեն Ավետիսյանի կողմից վկաների նկատմամբ գործադրված ազդեցության մասին։

Դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց թե՛ գործը այս դատարանում չքննելու, թե՛ Ավետիսյանին անհապաղ ազատ արձակելու, ինչպես նաև իրեն ներկայացված բացարկի մասին միջնորդությունները։

Փաստաբանի խնդրանքով դատավարությունը հետաձգվեց: Արա Զաքարյանը մտադիր է դատախազին բացարկ հայտնել: