Ղրիմն ու Ղարաբաղը նույն հարթության վրա դնելը «վտանգավոր է»

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեն պաշտոնապես ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրսևորում համարած Լեռնային Ղարաբաղն այսօր նաև տոնում է այդ իրադարձությունը:

«Հերթական սխալն ենք անում», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց lragir.am-ի մեկնաբան Նաիրա Հայրումյանը՝ շարունակելով․ - «Կվախենամ, որ կարող է դա ինչ-որ նախապատրաստական քայլ լինի: Վաղն էլ կարող է, ասենք, դիմեն Ռուսաստանին միացնելու հարցով»:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արտգործնախարարությունից մեկ քայլ առաջ է գնացել՝ Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբի տարածած հայտարարությամբ ողջունելի նախադեպ համարելով Ղրիմի հանրաքվեն և հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքն իրացրել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին:

Հայրումյանը, մինչդեռ, վտանգավոր է համարում Ղրիմն ու Ղարաբաղը նույն հարթության վրա դնելը․ ի տարբերություն Ղրիմի, Ղարաբաղը իր անկախությունը հաստատել է 20 տարի առաջ՝ արյունալի պատերազմով․ - «Հարցը անկախությունը չէ: Հարցը նա է, որ Ղրիմը միանում է Ռուսաստանին, և նրանք, ովքեր խոսում են նույն հարթության մասին, երևի նկատի ունեն հենց դա, որ Ղարաբաղն էլ միանա Ռուսաստանին»:

Նրա խոսքով՝ զգուշանալ է պետք․ Մաքսային միություն գնալու ճանապարհին Ղարաբաղի հարցը «ակտուալ է դառնում»․ - «Ոչ մեկը չի կարողանում ասել՝ ի՞նչ կարգավիճակով Ղարաբաղը պիտի մտնի կամ չմտնի․․․ Լինելո՞ւ է սահման Ղարաբաղի և Հայաստանի միջև Մաքսային անցնելուց հետո: Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում, որ Ռուսաստանը կփորձի այս կոնտեքստում «լուծել» նաև Ղարաբաղի հարցը: Եթե, ասենք, Ղարաբաղը Հայաստանի կազմում մտնի Մաքսային միության, դա կարող է Թուրքիայի և Ադրբեջանի զայրույթն առաջացնի: Իսկ եթե Ռուսաստանը միացնի Ղարաբաղը, դժվար թե Թուրքիան Ռուսաստանի վրա պատերազմով գնա»:

Հայրումյանի պնդմամբ՝ նման սցենար գոյություն ունի․ նա հիշեցնում է Վլադիմիր Պուտինին հասցեագրած Զորի Բալային ծավալուն նամակը: Վերջինս, հիշեցնենք, ասում էր, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը Ռուսաստանյան կայսրության մաս է կազմել և ընդգծում էր, որ այդ պայմանագիրը կնքվել է հավերժական ժամանակների համար:

«Այս սցենարը գործում է արագընթաց տեմպերով», - ասաց Հայրումյանը: - «Ու ոչ մեկը չի թույլատրի, որ Ղարաբաղը այդ սցենարի մեջ մի հատ լավ «քար» լինի: Այդ քարը խփելու են, գցելու են՝ իհարկե, Ղարաբաղի իշխանությունների թույլտվությամբ»:

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանին «սարսափեցնում է այն, Ռուսաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը»․ - «Ինձ չի սարսափեցնում այս պահին Ռուսաստանի կազմի մեջ մտնելը նույնիսկ: Այս պահին շատ ավելի հավանական է, որ այս կամ այն շահերից ելնելով՝ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղը: Ես չեմ ուզում, որ այսքան պայքարից, այսքան կորուստներից, այս գաղափարական մարտնչումից հետո մեզ այսպես ճանաչեն, մենք այսպես տեղ գտնենք աշխարհի քարտեզի վրա»:

Բաղդասարյանը շարունակեց, թե նման տոնախմբություններով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ Ռուսաստանի կցորդն ենք․ - «Մի իշխանություն, որը ոգևորվում է որևիցե մի տարածաշրջանում հանրաքվեի անցկացմամբ, տվյալ դեպքում՝ Ղրիմում, անհասկանալի է, թե ինչու այդ նույն իշխանությունը չոգևորվեց, երբ հռչակվեց Կոսովոն։ Այստեղ մեծ գաղտնիք չկա․ Ղարաբաղը անում է այն, ինչ հաճո է Ռուսաստանի, Հայաստանը դարձել է խամաչիկ երկիր և նույն ճանապարհով տանում է Ղարաբաղին»:

Աշխարհի ուժային կենտրոնների միջև հարաբերությունները փոխվում են, և այս իրավիճակում Ստեփանակերտի մամուլի նախագահը շատ կարևոր է համարում «ոտքի տակ չընկնելը», ճիշտ արժեհամակարգ ընտրելը․ ֊ «Քանիցս եղել է, որ մենք ծանր կորուստներ ենք կրել: 15 թվականին Ռուսաստանի ձեռքին մենք գործիք էինք․ Ռուսաստանը չտուժեց, բայց թե մենք որչափ տուժեցինք, հազար տարի անց էլ չենք մոռանա»: