Ընդդիմությունը ՀՀԿ-ին «առաջարկում է» միանալ իրենց պայքարին

Գալուստ Սահակյանը հակադարձում է՝ «սաղ աշխարհը ուզում է մեզ միանալ»:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Հանրապետական կուսակցությանը առաջարկում է անում միանալ ոչ կառավարական չորս ուժերին և պայքարել համակարգային կոռուպցիայի, ստվերի դեմ, բիզնեսը փրկել տանիք կանգնող իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, ընտրությունների միջոցով չվերարտադրվել:

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերն այսօր կրկին քննարկել են միասնական օրակարգ ձևավորելու հարցը: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը, քննարկումները կիսատ են մնացել, կշարունակվեն մարտի 19-ին:

Ոչ իշխանական ուժերից երկուսը՝ «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը, ամբողջական իշխանափոխության, մյուս երկուսը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը, քայլ առ քայլ առաջ շարժվելու կողմնակիցներ են:

Եվ քանի որ չորս ուժերը համոզված են, թե առանձին-առանձին փոփոխությունների չեն կարող հասնել, այս պահին կանգ են առել Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վրա:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը Ուկրաինայի օրինակը բերեց՝ Կառավարության հրաժարականն ընդունվեց, նախագահը երեք օր հետո փախավ Կիևից․ - «Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այս չորս ուժերի համագործակցության արդյունքում, որին, վստահ եմ, որ կաջակցեն նաև ոչ խորհրդարանական ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունների հիմնական մասը, արդյունքում տեղի է ունենալու իշխանափոխություն»:

«Բարգավաճ Հայաստանից» Ստեփան Մարգարյանն ընդգծեց՝ Կառավարության հրաժարականի պահանջը ակցիա չէ․ - «Եթե չի գնա Հանրապետականը դրան, մենք արդեն կորոշենք ինչ անել: Անշուշտ, բազմաթիվ այլ միջոցներ կան, մենք շարունակելու ենք մեր գործողությունները, կհրապարակենք առաջիկայում ճանապարհային քարտեզը, երբ որ վերջնական կլինի: Ցանկացած հարց չորսի համաձայնությամբ է տեղի ունենում, հետևաբար՝ չորսի անունից առաջիկայում մենք կհայտարարենք ամբողջ ճանապարհային քարտեզը»:

«Բարգավաճ Հայաստանը» չի ուզում ղեկավարել Կառավարությունը, հայտարարեց Ստեփան Մարգարյանը:

Հանրապետական Գալուստ Սահակյանը քառյակի բարի նպատակներին, ժողովրդի վիճակը լավացնել, երկրի կործանման դեմն առնել և այլ նմանատիպ հայտարարություններին չի հավատում:

«Ողջ աշխարհը պաշտոն է ուզում, դուք գիտեք ենթատեքստը դա չէ՞», - հարցնում է Սահակյանը:

Արամ Մանուկյանը կարծում է՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հեռացման առաջին քայլն է: Ըստ նրա, դա հանրապետականները գիտեն և արդեն անհանգստանում են:

«Բոլոր իշխանափոխությունները, բոլոր խաղաղ կամ ոչ խաղաղ հեղափոխությունները տեղի են ունենում ոչ միայն ընդդիմության ուժեղացմամբ, այլ իշխանական բլոկից կտորներ պոկվելով, դեպի ընդդիմություն գնալով», - մեկնաբանում է նա:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը գիտի ինչպես իշխանափոխություն իրականացնել ուժերի հետ, որոնք այդ բառը այդպես էլ իրենց քաղաքական օրակարգ չեն մտցնում:

«Ես չասացի, որ կան ուժեր, որոնք չեն ձգտում իշխանափոխության: Ես ասացի, որ կան ուժեր, որոնք տակտիկական խնդիրներից ելնելով գտնում են, որ փուլ առ փուլ պետք է գնալ ամբողջական իշխանափոխությանը», - ասում է Հակոբյանը:

Եթե Հանրապետականը քաղաքական կամք ունի, պետք է միանա քառյակին, պայքարի համակարգային կոռուպցիայի, ստվերի դեմ, բիզնեսը փրկի տանիք կանգնել ցանկացող իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, ընտրությունների միջոցով չվերարտադրվի: Ռուբիկ Հակոբյանը կառուցողական առաջարկ արեց Հանրապետականին․ - «Մեծամասնությունը կարող է միանալ այս չորսին, դառնալ հինգերորդը»:

Համակարգային փոփոխությունների գործին Հանրապետականի լծվելուն դեմ չէ նաև Դաշնակցությունը:

«Եթե մեր առաջարկած ճիշտ գաղափարները, ճիշտ գործողությունները հավանություն կտա նաև մեծամասնությունը և կասի, որ ճիշտ են ասում, այս բանը մենք անում ենք, մենք միայն կողջունենք», - ասում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե Հանրապետականը գնա իրենց առաջարկած ռեֆորմներին՝ կհրաժարվե՞ն իշխանափոխության գաղափարից, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատասխանեց․ - «Եթե Հանրապետականը և Սարգսյանը գնան այդ բոլոր ռեֆորմներին, արտագաղթը դառնա ներգաղթ, լֆիկները դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ․․․ եթե երկրի բոլոր խնդիրները լուծվեն, որը հեքիաթի ժանրից է: Եթե հեքիաթի ժանրից է, հենց դրանով էլ մենք կհիմնավորենք, որ մեր պայքարը անձերի դեմ չէ, մեր պայքարը խնդիրներ լուծելու դեմ է: Ովքե՞ր են այդ խնդիրներ լուծողները՝ թող հայտ ներկայացնեն»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի․ - «Քնքուշ պիտի վերաբերվենք դուք էլ, մենք էլ, որ ինչ-որ մի բան ստացվի: Պիտի երկիրը ունենա ընդդիմություն»:

Բայց այսքան քնքշանքով հանդերձ, քառյակին միացող ՀՀԿ՝ Սահակյանը չի պատկերացնում:

«Սաղ աշխարհը ուզում է մեզ միանալ», - վստահեցրեց նա: