ՏԻՄ ընտրություններում հիմնականում հանրապետականներ են հաղթել

Լոռու Մարզի Դարպաս գյուղում երեկ անցկացված գյուղապետի ընտրություններում վերընտրվել է գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Ավետյանը:

Բացի Ավետյանից, առաջադրված են եղել երկու անկուսակցական թեկնածուներ, ու թեև գյուղացիները պարբերաբար դժգոհում են իշխանություններից, այդուհանդերձ, կրկին ընտրել են հենց Հանրապետականի ներկայացուցչին:

«Որպես լավ մարդ ենք ընտրել, ոչ թե որպես հանրապետական», - «Ազատության» հետ զրույցում իրենց ընտրությունը մեկնաբանեց մի կին:

«Ինքը լավ աշխատող է, Հանրապետականի հետ կապ չունի», - պատմեց մեկ ուրիշը:

Մի տարեց մարդ էլ կարծիք հայտնեց, թե՝ «Հանրապետականը ոչ մեկին օգուտ չի տալիս, բացի վնասից»:

9 մարզերի քառասուն գյուղերում համայնքի ղեկավարի երեկ տեղի ունեցած ընտրություններում հիմնականում հաղթել են իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուները: Եղել են նաև բացառություններ, երբ գյուղապետ են ընտրվել Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, կամ անկուսակցականներ: Նման բացառությունները ՏԻՄ ընտրություններին հետևած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բացատրում քաղաքացիական ակտիվությամբ:

«Առանձին այդ բացառությունները գալիս են հիմնավորելու, որ քաղաքացիների մոտ բավական մեծ է դժգոհությունը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունից, ուղղակի շատ դեպքերում չունեն համապատասխան այլընտրանքային հնարավորություն, որպեսզի այդ բողոքը ձևակերպվի այլընտրանքային թեկնածուի օգտին քվեարկելով», - ասաց նա:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները հետևել են ինչպես նախընտրական, այնպես էլ բուն ընտրական գործընթացներին: Նախաձեռնության անդամ, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Լենա Նազարյանի խոսքով, ընտրողները հիմնականում տեղեկացված չեն՝ ինչով են զբաղվում և ինչ իրավասություններ ունեն գյուղապետերն ու ավագանին:

«Նրանք տեղյակ չեն համայնքի բյուջեից, ծախսից, քառամյա ծրագրից», - հավելում է Նազարյանը:

ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը անտարբերություն է նկատել ոչ միայն ընտրողների, այլև թեկնածուների շրջանում: Չկա գաղափարների բախում, բանավեճ, համայնքի զարգացման ծրագրի քննարկում: ՏԻՄ ընտրություններին՝ ընդդիմության չմասնակցելը Բարսեղյանը խայտառակություն է որակում: Ընդդիմությունը պարտավոր է մասնակցել բոլոր մակարդակի ընտրություններին՝ համոզված է նա:

Արթուր Սաքունցն էլ ցավով է նշում, որ ընդդիմությանը ՏԻՄ խնդիրները չեն հետաքրքրում, իշխանություններին էլ հետաքրքրում են որպես վարչակազմը պահելու գործիք: Ինչ վերաբերում է կիրակի օրը անցկացված քվեարկությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումներին, ապա նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել, փաստում են գործընթացին հետևած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները։