Մատչելիության հղումներ

Մյասնիկյանցիները ժանգոտ ջրի պատճառով ստիպված են դույլերով ջուր գնել


Մյասնիկյան համայնքում խմելու մեկ դույլ ջուրն արժե 250-ից 300 դրամ
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Մյասնիկյան համայնքում խմելու մեկ դույլ ջուրն արժե 250-ից 300 դրամ

Տասնյակ տարիներ խմելու ջրի երես չտեսած ու վերջին հինգ տարիներին արդեն «խմելու» ջուր ունեցող Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ջրի ծորակներից բառացիորեն ժանգ է հոսում։

«Դեղին գույնի ժանգ ա սաղ, դա խմել կարելի՞ է։ Նայեք, ծորակը ժանգոտվել, փակվել է աղից, նույնիսկ եթե մեքենայի մեջ ենք լցնում, ռադիատորը ծակվում է։ Կաթսաների մեջ նայեք, ժանգը նստում, ծակում է կաթսաները»,- ասում է բնակիչներից մեկը։

Բնակիչներն «Ազատության» հետ զրույցում ասում են, թե նախկինում ջուր չունեին ու դրանից էին անհանգստանում, հիմա էլ ջուր ունեն, բայց օգտագործել չեն համարձակվում։

«Դրանից մենք վախենում ենք խմելու, ճաշի անենք, միայն լվացքի, ամանի ջուր է դա։ Լվացքի համար էլ ֆիլտրներ ենք դրել, բայց երկու օր հետո էդ ֆիլտրը դեղնում, ժանգը ուտում ա, համ էլ էնքան փոշի ենք լցնում, որ ավելի լավ է ձյուն հավաքենք լվացք անենք, քան թե այս ջրով»,-ասում է համայնքի բնակիչը։

Մի քանի անգամ ճաշ փորձել են պատրաստել, բայց հատիկավոր բույսերը հում են մնացել։ Ջուրը նույնիսկ սուրճի ու թեյի համար չեն օգտագործում, տնամերձ հողեր չեն ջրում։ Այսօր խմելու ջուրը գնում են Թալինից բերված ցիստեռներից՝ դույլը 250-300 դրամով, ծորակից եկող ջրի խորանարդ մետրի համար էլ վճարում են 186 դրամ։ Փաստորեն, գյուղացիները ջուրը գյուղի ամենաթանկ հաճույքներից մեկն են համարում։

«186 դրամ արժե այդ արտեզյան ջուրը, Երևանի ջուրն այդքան չարժե, ինչքան էս։ Երկու ֆլագան օրական 500 դրամ, ամիսը 15-20 000 դրամ, ո՞ր ընտանիքը տա, որտեղի՞ց տա էդ փողը, աշխատանք չկա, լրիվ ժողովուրդը պարապ է»։
Միայն խմելու ջրից չէ, որ բնակիչները դժգոհում են, ասում են ոռոգման ջրի երեսն էլ ամիսը մեկ են տեսնում, ջուր եղած ժամանակ էլ հերթը հասնելու համար հաճախ գյուղում ձեռնամարտի են բռնվում։

Բնակիչներն ասում են, որ այլևս խոստումների չեն հավատում, պաշտոնյաների վրա հույս չեն դնում, գյուղապետից էլ աջակցություն չեն ակնկալում։

«Կգնանք գյուղապետարան, գյուղապետը նենց բաներ կասի, որ այս ամբողջ ավանին սուտ կհանի, սուտ են խոսում ամբողջ ավանը»։

Մարզպետարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ համայնքն առհասարակ ոռոգման ջրի խնդիր չունի, նաև նշեցին, որ խմելու ջրի հարցը ոչ միայն Մյասնիկյան, այլև մարզի վատ որակի ջուր ունեցող 12 համայնքի հիմնախնդիրներից է, որի լուծման համար տարբերակներ են քննարկվում։

Արմավիրի մարզում խմելու ջրի խնդիր ունեցող 12 համայնքի ջրասպասարկումով զբաղվող «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալ Արտավազդ Թորոսյանը նախ կարևոր համարեց, որ տարիներ շարունակ ջուր չունեցող համայնքն վերջապես ապահովել են ջրով։ Ինչ վերաբերում է որակին ասաց.- «Այսպես չի էլի կախարդական փայտիկ ունես, գրպանիցդ հանեցիր, շարժեցիր և ամեն ինչ լուծվեց։ Այդպես չի լինում, ցավոք սրտի, ոչ մի տեղ»։

Թորոսյանն ասում է՝ ջուրը ստանում են խորքային հորերից, այն կոշտ ջուր է։ Հարցին, թե արդյոք այդ ջուրը առողջության համար վնասակա՞ր է, Թորոսյանն պատասխանեց.- «Դա ավելի շատ առողջապահության ոլորտի մասնագետները կասեն»։

Մոտ ապագայում ոլորտում դրական տեղաշարժեր մասին մասնագետը դեռ խոսել չի ուզում, ասում է, որ համապատասխան բոլոր օղակները խնդրով մտահոգված են ու զբաղվում են, իսկ գլոբալ լուծումների համար մեծ ներդրումներ են հարկավոր։
«Բայց այսօրվա մեր հավաքագրված միջոցները, կամ մեր կողմից ձևավորվող եկամուտները մի կերպ բավարարում են, որ մենք ընթացիկ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնենք, ոչ մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ»,- ասաց Թորոսյանը։

Բնակիչներն էլ ասում են.- «Անապատում ուղտերը ոնց են դիմանում, դե նույն էլ մեր ժողովուրդը, դիմանում ա։ Ասում են ապրեք։ Երբ մեռաք, մեռաք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG