Ուկրաինան պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել Ղրիմի հարցով

Ուկրաինա, Ղրիմ - Զինված անձը հերթապահում է Սիմֆերոպոլի օդանավակայանի մոտ, 28-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու իրավիճակը Ղրիմում:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը այսօր ընդունել է Գերագույն ռադան: Խորհրդարանի նիստի ժամանակ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ՄԱԿ-ին խնդրել է ոչ միայն Ղրիմում իրավիճակի դիտարկում անցկացնել, այլև միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի ինքնիշխանության խախտման դեպքում:

Տուրչինովը նաև երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում են վերջին իրադարձությունները Ղրիմում:

Թերակղզում փետրվարի 25-ից ակցիաներ են անցկացնում Ուկրաինայի նոր իշխանությունների կողմնակիցները և հակառակորդները: Նախօրեին անհայտ անձինք գրավել են Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերը՝ դրանց վրա բարձրացնելով Ռուսաստանի պետական դրոշները: Նույնպես երեկ Ղրիմի Գերագույն ռադան մայիսի 25-ին հանրաքվե է նշանակել Ղրիմի ինքնավարության ընդլայնման հարցով և վարչապետ է ընտրել «Ռուսական միասնություն» կուսակցության ղեկավար Սերգեյ Աքսյոնովին: Անցած գիշեր էլ զինված անձանց խմբերը արգելափակել են Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի օդանավակայանները: