Մատչելիության հղումներ

Յանուկովիչը Մոսկվային խնդրում է ապահովել իր անձնական անվտանգությունը


Ուկրաինա, Ղրիմ - Ռուսաստանի պետական դրոշը Սևաստոպոլի վարչական շենքերից մեկի դիմաց, 24-ը փետրվարի, 2014թ․
Ուկրաինա, Ղրիմ - Ռուսաստանի պետական դրոշը Սևաստոպոլի վարչական շենքերից մեկի դիմաց, 24-ը փետրվարի, 2014թ․

Մի քանի տասնյակ զինված անձինք Ղրիմի Գերագույն խորհրդի և կառավարության շենքերի վրա բարձրացրել են Ռուսաստանի պետական դրոշները:

Վիկտոր Յանուկովիչը խնդրում է Ռուսաստանի իշխանություններին ապահովել իր անվտանգությունը` միաժամանակ պնդելով, որ ինքը շարունակում է մնալ Ուկրաինայի միակ օրինական ղեկավարը: Այս մասին Յանուկովիչը հայտարարեց այսօր առավոտյան` հատուկ ուղերձի միջոցով:

«Ակնհայտ է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում և Ղրիմում բնակվող մարդիկ չեն հանդուրժում այն անիշխանությունը, որ տիրում է երկրում, մի իրավիճակ, երբ նախարարներին ընտրում է հրապարակում հավաքված ամբոխը: Ես որպես երկրի գործող նախագահ թույլ չեմ տվել երկրի զինված ուժերին միջամտել ներքաղաքական իրադարձություններին և այժմ էլ նման հրաման չեմ արձակում: Որևէ մեկի կողմից բանակին կամ որևէ այլ ուժային կառույցի տրված նման հրամանը հանցավոր և անօրինական կլինի», - ասաց Յանուկովիչը:

Ռուսական որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Ուկրաինայի չորրորդ նախագահը գտնվում է Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանցի պաշտոնյաներից մեկը «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել է․ - «Այն կապակցությամբ, որ նախագահ Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի Դաշնության իշխանություններին` ապահովելու իր անձնական անվտանգությունը, տեղեկացնում եմ ձեզ, որ այդ խնդրանքը բավարարվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում»:

Յանուկովիչի հայտարարությունը հնչեց Ղրիմում իրավիճակի սրումից մի քանի ժամ անց: Լուսադեմին մի քանի տասնյակ զինված անձինք մուտք գործեցին Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի և կառավարության շենքեր` դրանց վրա բարձրացնելով Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները:

«Որևէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում ներսում: Միայն տեսել են, որ մոտ երեսուն հոգի գրավեցին շենքը և այնտեղից քշեցին ներսում հերթապահող ոստիկաններին», - Reuters լրատվական գործակալությանը ասել է Սիմֆերոպոլի մի բնակիչ:

Իրավիճակը Ղրիմում սրվեց այն բանից հետո, երբ երեկ Գերագույն խորհրդի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան տեղի թաթարական ու ռուսական կազմակերպությունների ակտիվիստների միջև: Այսօր արդեն Ղրիմի թաթարների շահերը ներկայացնող կազմակերպության` Մեջլիսի ղեկավար Ռեֆաթ Չուբարովը կոչ արեց իր հայրենակիցների զերծ մնալ նոր ցույցերի անցկացումից, քանի որ «գործ ունենք զինված անձանց հետ»:

«Ստեղծվել է մի իրադրություն, երբ խնդրով արդեն պետք է զբաղվեն Ուկրաինայի պատկան մարմինները», - նշում էր Ղրիմի թաթարների առաջնորդը:

Ղրիմի ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչները, հակառակը, կեսօրին մոտ սկսեցին հավաքվել Սիմֆերոպոլի կենտրոնում` պահանջելով, որպեսզի Ռուսաստանը միջամտի և պաշտպանի թերակղզում բնակվող ռուսների իրավունքները:

Սրան զուգահեռ՝ Սիմֆերոպոլի մերձակայքում այսօր առավոտյան տեղի բնակիչները նկատել էին Սևծովյան նավատորմի կազմում գործող դեսանտային ստորաբաժանումների զինծառայողների` յոթ զրահամեքենաների ուղեկցությամբ:

Սա առիթ տվեց Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին՝ զգուշացնելու․ - «Դիմում եմ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ստորաբաժանումների զինծառայողներին: Ցանկացած տեղաշարժ, այն էլ՝ զինված, այն սահմաններից դուրս, որոնք հստակեցված են օրենքով ու երկկողմ համաձայնագրերով, մեր կողմից ընկալվելու է որպես ռազմական ագրեսիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG