ՀՀԿ-ի նպատակը «ճշմարտության թաղման» հանձնաժողով ստեղծելն է

Your browser doesn’t support HTML5

ՀՀԿ-ի նպատակը «ճշմարտության թաղման» հանձնաժողով ստեղծելն է

«Այն, ինչով դուք զբաղվում եք (ես նկատի ունեմ, պարոն Հարությունյան, Ձեզ, Հանրապետական մեծամասնությանը), դա ըստ էության այնպիսի հանձնաժողովի ստեղծում է, որը զբաղված կլինի ճշմարտության թաղումով», - Ազգային ժողովում ՀՀԿ-ի առաջարկած գազային հանձնաժողովի հարցի` այսօր շարունակվող քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հանձնաժողովը չի ստուգելու «ՀայՌուսգազարդ»-ում կառավարության 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմից փոխանցելու պայմանագիրը: Դա ընդդիմադիրներին շատ է մտահոգում:

Զուրաբյանը նաև կարծում է, որ այս հանձնաժողովն անպատասխան է թողնելու ժողովրդին հուզող մի շարք հարցեր: Օրինակ, թե ինչու «Գազպրոմ»-ին տրվեցին այնպիսի լիազորություններ, որոնք ավելի բարձր դասվեցին, քան Հայաստանի օրենքները․ - «Եթե ձեր խնդիրը վախն է Ռուսաստանից, եթե վախենում եք բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են սրման պատճառ դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ես, կներեք, այդ բացատրությունները չեմ ընդունում, որովհետև ընդդիմության և ժողովրդի այս ընդվզումը, հանձնաժողովի ստեղծումը կարող էիք օգտագործել որպես կարևորագույն գործիք Ռուսաստանի հետ պայմանագրերի վերաբանակցման նպատակով»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, թե Հանրապետականը հանձնաժողովի առջև անհեռանկար նպատակներ է դրել․ առաջարկել է ուսումնասիրել նաև Իրանի տարածքով բնական գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները: Այդ հարցը պարզելու համար, ըստ Հակոբյանի, Ռուսաստանի նախագահի հետ պիտի հանդիպենք ու հարցնենք, թե իրանական գազատարի տարանցիկության հետ ինչ պրոբլեմ ունի:

«Մենք ասում ենք՝ եկեք մինչև հեղափոխությունը այս հարցը պարզենք: Դուք ասում եք՝ չէ, հեղափոխությունից հետո: Որ հեղափոխությունը եղավ, էլ այս հարցը պետք չէ պարզել․ ամեն ինչ իր տեղը կընկնի», - ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Ոչ իշխանական ուժերին անհանգստացնում է նաև այն, որ հանձնաժողովը դռնփակ է աշխատելու: Նախկին լրագրող, այժմ պատգամավոր Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ) այսօր կրկնեց կուսակիցների դիրքորոշումը, թե ինչու հանձնաժողովի աշխատանքը չպետք է հրապարակային ընթանա․ - «Եթե հանձնաժողովը աշխատում է բաց, վստահ եղեք, որ այն ժամկետը, որը նշված է հանձնաժողովի ստեղծման հետ կապված՝ նոյեմբերի 8-ը, չի հերիքելու: Որովհետև մենք սիրում ենք խոսել: Մենք բոլորս սիրում ենք շատ խոսել հատկապես հեռուստաէկրանների, տեսախցիկների, ձայնագրիչների առաջ»:

Դաշնակցությունը հաստատակամ է` կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին: «Այդ առիթը մենք չենք ուզում չօգտագործել», - ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ - «Եվ ես կոչ եմ անում մեր իշխանության ներկայացուցիչներին, ովքեր մտնելու են այս հանձնաժողովի մեջ, իսկապես տքնաջան աշխատենք և արդյունք տանք, որ երևա, որ այս հանձնաժողովը իսկապես աշխատեց, սակագները ճիշտ որոշեց, համոզիչ էին փաստարկները, ստիպեց, որպեսզի այդտեղ վերանայումներ անեն, կալորիականության խնդիր ունենք: Ժողովուրդը չի հասկանում գազ է վառում, թե ինչ է վառում: Դնենք այդ ամեն ինչը ճիշտ ընթացքի մեջ»:

Հանձնաժողովի ստեղծմանը, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, իրենք կողմ են քվեարկելու: «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու: Ռուբեն Հակոբյանի ձևակերպմամբ՝ այդ խաղը չեն ուզում խաղալ: Իսկ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալ-չունենալու հարցը ավելի ուշ կորոշեն: ՀԱԿ-ը քվեարկության հարցում դեռ չի կողմնորոշվել:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ոչ իշխանական ուժերի գործընկերներին կոչ արեց չհետաքրքրվել իշխող մեծամասնության ցանկություններով. - «Իրենց մտադրությունները մեզ չպիտի հետաքրքրեն: Ունե՞նք վստահություն, որ մտադրությունները իրապես այդ խնդիրների պատասխանները ստանալն է… Կարծում եմ, այստեղ մեզանից յուրաքանչյուրը ունի այդ հարցի պատասխանը և պետք չէ սոցիոլոգիական հարցում անցկացնել` պարզելու համար, որ ոչ, չունենք վստահություն, որ ձեր նպատակը իրապես այդ հարցերի պատասխանը ստանալն է: Եթե ձեր նպատակը այդ հարցերի պատասխանը լիներ, ապա, կրկնում եմ` դուք ձեր քվեարկությամբ Հայաստանի Հանրապետությունը չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան-կլուբը, մեկ գազային ընկերության դուստր ձեռնարկությունը»:

Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ընդդիմության կասկածները ցելու համար ասաց. - «Մենք թաղելու վարպետ չենք, ոչ էլ թաքցնելու վարպետ ենք»:

Նա մի քանի անգամ հավաստիացրեց, որ եթե հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հայտնաբերվեն չարաշահումներ, կատարողները կպատժվեն. - «Հանրապետության նախագահը շատ պարզ ասել է՝ եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնում և զբացվել են ապօրինություններով, պետք է պատասխան տան: Եվ մինչև վերջ հանձնաժողովը պետք է հետամուտ լինի իրականության ճշտմանը: Հիմա ինչի՞ մասին եք դուք խոսում, ի՞նչ եք վարկաբեկում այդ դեռ չստեղծված հանձնաժողովը»:

Հանձնաժողովի ստեղծման հարցով քվեարկությունը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, վաղը, և, հաշվի առնելով Հանրապետական կողմ կարծիքը, դրա ստեղծումը հավանության կարժանանա: