Մի քանի տասնյակ ցուցարար և երեք ոստիկան. այսպիսին է վերջին ժամերին Կիևում վերսկսված բախումների ողբերգական վիճակագրությունը: Զոհերի մասին տեղեկությունները իրարամերժ են և հաճախ հակասում են միմյանց:
Կեսօրին մոտ ուկրաինական ընդդիմությունը տեղեկություն տարածեց 17 զոհերի մասին: Մի քանի ժամ առաջ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հաղորդեց, որ զոհերի քանակը հասնում է 100-ի: Այս տեղեկությունն, ըստ ամերիկացի լրագրողների, իրենց է փոխանցել Մայդանի բժշկական ծառայության ղեկավարը:
Իրադրությունը Կիևի կենտրոնում սրվեց այն բանից հետո, երբ Անկախության հրապարակի մերձակայքում գտնվող Կիևի կոնսերվատորիայի շենքի կտուրից դիպուկահարները կրակ բացեց թե ցուցարարների, և թե ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:
Դրանից հետո ոստիկանական ուժերը լքեցին Մայդանն` արագորեն հեռանալով կառավարության և խորհրդարանի շենքերի ուղղությամբ: Իրավապահների նահանջից ոգևորված ցուցարարները սկսեցին հետապնդել հատուկ ջոկատայիններին, սակայն մի քանի հարյուր մետր անց ընդդիմության աջակիցների առաջին շարքերը հայտնվեցին դիպուկահարների գնդակոծության տակ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ ցուցարարների կողմից կրակոցներ ևս հնչել են: Այս վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև BBC-ի նկարահանած տեսանյութը, որում հստակ երևում է ընդդիմության առնվազն մեկ կողմնակից` զինված որսորդական հրացանով: Իրավապահների զինանոցն, իհարկե, անհամեմատ ավելի պատկառելի է, Կիևի փողոցներում մարդիկ արդեն Կալաշնիկովի ավտոմատի բազմաթիվ պարկուճներ են գտնում:
Մոտ երկու ժամ առաջ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրեց, որ գերատեսչության ղեկավար Զախարչենկոն հրահանգել է ուկրաինական ոստիկանության անձնակազմին մարտական զենք տրամադրել: Սրան զուգահեռ Եվրամիության երկրները քիչ առաջ Բրյուսելում որոշում կայացրեցին՝ արգելել Ուկրաինա զենքի բոլոր մատակարարումները՝ խուսափելու համար հակամարտության հետագա տարածումից:
Չնայած դրան` իրադրությունը Կիևում չի հանդարտվում: Մի քանի հազար մարդ շարունակում է մնալ Անկախության հրապարակում: Դրան զուգահեռ որոշակի խմորումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում: Խորհրդարանական ընդդիմությունը հավաքվել էր Գերագույն Ռադայի նիստերի դահլիճում` նպատակ ունենալով արտահերթ նիստ անցկացնել:
Կիևի քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն էլ հայտարարեց, որ լքում է Ռեգիոնների կուսակցության շարքերը՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով իշխանության գործողությունների դեմ:
Ուշագրավ է, որ Կիևի կենտրոնում այս նոր բախումները սկիզբ առան այն պահին, երբ Ուկրաինայի մայրաքաղաք էին ժամանել Եվրամիության երեք խոշորագույն պետությունների` Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները:
Լեհական աղբյուրների փոխանցմամբ՝ երեք արտգործնախարարները Կիև են ժամանել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հստակ ծրագրով: Դրա համաձայն՝ արտահերթ նախագահական ընտրությունները երկրում կկայանան մինչև տարեվերջ: Եվրամիությունը պատրաստ է Յանուկովիչին անվտանգության երաշխիքներ տրամադրել: Բացի այդ առաջիկա օրերին եվրոպացիները առաջարկում են ձևավորել երկրի նոր կառավարությունը: