Նշանյանը «կարող է Դինքի ճակատագրին ենթարկվել»

Թուրքահայ լրագրող Սևան Նշանյանը

Թուրքահայ լեզվաբան, լրագրող Սևան Նշանյանի բանտարկությունը վկայում է, որ Թուրքիայում ամենակոպիտ մեթոդներով ճնշվում է խոսքի ազատությունը, իսկ երկրի իշխանությունները շարունակում են հետապնդումը այլախոհների նկատմամբ:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նման գնահատական տվեց «Սևան Նշանյանի իրավունքների պաշտպանության կոմիտեի» անդամ, լիբանանահայ գրող Սաքո Արյանը:

2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ հանեց Նշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, ուր թուրքահայ լրագրողը խոսում է Հայոց ցեղասպանության մասին և նշում, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է:

Գրքի լույս տեսնելուց հետո Սևան Նշանյանի նկատմամբ սկսվում են հետապնդումներ: 2012-ին նա ազատազրկվում է տասներեքուկես ամսով՝ իսլամական առասպելաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու համար: Շատերն են հիշում նաև աղմուկ հանած հետևյալ պատմությունը. 2012-ի նոյեմբերին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության վերահսկիչ մարմինը որոշում կայացրեց պատժել CNN Turk հեռուստաընկերությանը միայն այն բանի համար, որ CNN Turk-ի եթերում խոսելով «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի մասին՝ Սևան Նշանյանը քննադատեց Մուհամեդ մարգարեին:

Բանտից դուրս գալուց հետո կարճ ժամանակ անց՝ 2013-ի դեկտեմբերին թուրքահայ լրագրողը կրկին դատապարտվում է ազատազրկման այս անգամ 2 տարի ժամկետով: Թուրքիայի արդարադատությանբ համոզմամբ` Նշանյանը իրականացրել է ապօրինի շինարարություն իր հայրենի գյուղում՝ Շիրինջեում:

«Մենք չպետք է կուլ տանք այս, այսպես ասած, ոսկորը: Որովհետև այն, ինչ կատարվում է Սևան Նշանյանի հետ, եթե մենք չբարձրաձայնենք այսօր, Սևանը կարող է ինչ-որ պահի Հրանտ Դինքի ճակատագրին ենթարկվել», - ասաց Սաքո Արյանին:

Նրա ներկայացմամբ՝ այսօրվա Թուրքիայում, փաստորեն, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու, այլախոհության համար մարդիկ կա՛մ սպանվում են, ինչպես Հրանտ Դինքի պարագայում, կա՛մ հալածվում, ինչպես Թաներ Աքչամը, կա՛մ հայտնվում են բանտում, ինչպես Սևան Նշանյանը:

Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ դեռ 2004-ին Նշանյանը՝ որպես իրավապաշտպան, ստացավ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության մրցանակ:

«Եվ նրա մոտեցումները ոչ միայն Ցեղասպանության բնագավառում են, այսպես ասած, դժգոհություն առաջացնում Թուրքիայի իշխանավորների մոտ, այլև այլ խնդիրների: Մոտավորապես նրա դեմ հիմա 16 դատական հետապնդում է տեղի ունենում, 16 տարբեր գործերով», - հավելեց Սաֆրաստյանը: - «Ի վերջո, ուզում եմ ձեզ հիշեցնել՝ իրավապաշտպան բազմաթիվ կառույցների գնատահատմամբ, Թուրքիան այսօր իսկական բանտ է դարձել լրագրողների համար, ուր անազատության մեջ են հարյուրից ավելի լրագրողներ»:

«Իմ հայրը խղճի բանտարկյալ է», - տեսակապի միջոցով այսօր Ստամբուլից «Ազատությանը» փոխանցեց Սևան Նշանյանի 13-ամյա որդին՝ Դավիթ Նշանյանը: - «Երբ նա սկսեց խոսել Մուհամեդի, Հայոց ցեղասպանության և մարդու իրավունքների մասին, նրան [նկատմամբ] վերսկսվեցին [քրեական] գործերը: Սա բավական տխուր բան է, բայց, ուզում եմ ասել՝ սա պատվի խնդիր է: Սա ամենամեծ աղետն է, որ այս երկիրը երբևէ տեսել է»: