Գրքասերներին մատուցվեցին հաճելի անակնկալներ

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ 5 տարի առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը հռչակվել է գիրք նվիրելու օր:

Արդեն ավանդույթ է դարձել, որ այս օրը հրատարակչություններն ինքնարժեքով են վաճառում իրենց գրքերը:

Մի շարք ուշագրավ միջոցառումներ էին կազմակերպվել Խնկո Ապոր անվան գրադարանում: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, օրինակ, այստեղ կազմակերպած եռօրյա ցուցահանդես-վաճառքի ընթացքում բոլոր գրքեր վաճառելու է ինքնարժեքով:

«Գալիս են գրքեր են գնում և նվիրում են: Տարեցտարի աճում է: Այստեղ ակցիա է․ բոլոր հրատարակչությունները գրքերը վաճառում են ինքնարժեքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Էդիթ Պրինտ»-ի տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:

Իսկ «Անտարես» հրատարակչությունը իր գրախանութ-կրպակում կազմակերպել էր գիրք նվիրելու ակցիա: Գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօր շուրջ երկու հարյուր գիրք են նվիրելու իրենց ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներին: Կրպակի մոտ արդեն հերթ էր գոյացել:

Հարցին, թե ինչ գրքեր են նվիրում, Նիկողոսյանը պատասխանեց․ - «Անտարես» հրատարակչության տպագրած բոլոր լավագույն գրքերը՝ կախված նրանից, թե այդ ֆեյսբուքյան ակցիայի ժամանակ նրանք ինչ գիրք են նախընտրել և նրանց ընկերները նրանց ինչ գիրք են նվիրել»:

«Բուկինիստ» գրախանութում այսօր բոլոր այն հաճախորդները, ովքեր մեկ գիրք էին գնում, նվեր էին ստանում ևս մեկը:

Ուրախալի է, որ այսօր շատ ակտիվ էին հատկապես երիտասարդ ընթերցողները:

«Նմանատիպ ակցիաների լավագույն կողմն այն է, որ կոտրվում է այն կարծրատիպը, որ այսօրվա երիտասարդությունը չի կարդում: Լինելով երիտասարդ և ունենալով լիքը ընկերներ երիտասարդ՝ կասեմ, որ բոլորն էլ կարդում են և բոլորն էլ շահագրգռված են լավ գրքեր ձեռք բերել», - «Ազատության»-ն ասաց նրանցից մեկը: