Մատչելիության հղումներ

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է


Փետրվարի 19-ին լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը, և արդեն 5-րդ տարին է, որ այդ օրն ընդունված է գիրք նվիրել մեկմեկու:

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օր հռչակելու նախաձեռնության հեղինակը Հայաստանի գրողների միությանն է: Հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում Գրողների միությունը, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները, տարբեր այլ կազմակերպություններ:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի փոխանցմամբ՝ վաղը գրողները խումբ-խումբ այցելելու են դպրոցներ՝ իրենց հետ որպես նվեր տանելով նոր հրատարակված գրքեր: Բայց կարևորը, ըստ Միլիտոնյանի, հետևյալն է․ - «Տեղեկացվեն, թե ինչ է հրատարակվում, ինչ է տարածվում, ինչպիսի գրականություն ունենք»:

Վաղը տարբեր ակցիաներ են նախապատրաստել նաև գրախանութները, հրատարակչությունները:

Այսօր արդեն գրողներից, գրականագետներից ոմանք հյուրընկալվել էին տարբեր մամուլի ակումբներում:

Գրող Վարդան Դևրիկյանի համոզմամբ՝ գիրքը մեզանում այսօր էլ պահանջված է․ - «Եթե մենք վիճակագրությունը նայում ենք, տեսնում ենք, որ ամեն դեպքում դասականները վաճառվում են, դասականներին կարդում են: Այստեղ երկու եզրակացություն կարելի է անել: Առաջինն այն է, որ, ասենք, մեր ժողովուրդն ավանդապաշտ է, միգուցե նորի այդքան ընկալում չունի․․․ Երկրորդ բացատրությունը կարող է այն լինել, որ ամեն դեպքում այսօրվա խոսքը չի բարձրանում հոգևոր հացի, որպես մի բացարձակ արժեքի աստիճանի, դրա համար մարդիկ, ցավոք, այսօրվա ստեղծագործությունները քիչ են կարդում»:

«Ժամանակակից գրականությունը փորձում է, կամ արդեն իսկ կարողացել է իր վրայից թոթափել այն բեռը, որ առաջ եղել է դրված իր վրա․ այն է՝ լինել որևէ բան գրականությունից բացի: Պետական ինստիտուտների բացակայության պայմաններում մեր դասականները շատ հաճախ ստիպված են եղել իրենց վրա վերցնել այդ քաղաքական ծանրաբեռնվածությունը, լինել ազգ դաստիարակող, բարոյախրատախոս, հայրենասիրություն և այլ բաներ քարոզող», - Դևրիկյանին հակադարձեց բանաստեղծ Կարեն Անտաշյանը՝ հավելելով, որ հիմա ժամանակները փոխվել են, ուստի այլ է գրականության դերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG