EDB-ն հարցականի տակ է դնում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունավետությունը

Զարգացման եվրասիական բանկը, ըստ էության, հարցականի տակ է դնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության արդյունավետությունը` նշելով, որ երկարաժամկետ կտրվածքով միությանը Հայաստանի անդամակցության արդյունավետությունը կախված է մի շարք նախագծերի իրականացումից՝ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող երկաթգծի ու ավտոմայրուղու շահագործումից, էներգետիկ մի քանի նախագծերից, որոնք կապված են Իրանի հետ, և Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացումից:

Զարգացման եվրասիական բանկը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի ու Հայաստանի մասնակցությամբ գործող պետական բանկ է, որի կենտրոնակայանը գտնվում է Ալմաթիում: Բանկը վերջերս պատրաստել է հատուկ մի զեկույց՝ «Հայաստան և Մաքսային միություն. ինտեգրացիայի տնտեսական արդյունքի գնահատական» անվամբ:

Զեկույցը «փակուղային» է բնորոշում Հայաստանի արտաքին փոխադրումների հետ կապված իրավիճակը և ընդգծում, որ Ռուսաստանին կապող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, աբխազական երկաթուղու վերագործարկումը և դեպի Իրան ձգվող երկաթգծի շինարարությունը անչափ կարևոր են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության տեսանկյունից:

«Առանց տրանսպորտային խնդրի լուծման Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությունը չի կարող հանգեցնել առավելագույն դրական արդյունքի ո՛չ Հայաստանի Հանրապետության համար, ո՛չ էլ ինտեգրացիոն «եռյակի» [Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի] համար»,- ասված է զեկույցում։

Ընդ որում, զեկույցի հեղինակները գտնում են, որ աբխազական երկաթուղու վերագործարկումը հիմք կստեղծի Մաքսային միությանը նաև Վրաստանի անդամակցության համար:

Հիշեցնենք, մինչև 2013-ի սեպտեմբերի 3-ը, երբ նախագահ Սերժ Սարգսյան Մոսկվայում, շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, Հայաստանի իշխանությունները շարունակաբար ասում էին, որ երկրի համար անիմաստ է անդամակցել Մաքսային միությանը, քանի որ այն չի կարող առնվազն տնտեսապես շահավետ լինել՝ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով:

Վարչապետի հարցազրույցը

«Համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որպեսզի [որևէ] երկիր, չունենալով ընդհանուր սահման Մաքսային միության հետ, դառնա այդ միության մաս: Մաքսային միության իմաստը կայանում է նրանում, որ ապրանքների փոխանակումը տեղի ունենա առանց մաքսային զննման: Մեր դեպքում դա անհնար է, որովհետև մենք պետք է անցնենք հարևան երկրի տարածքով և երկու անգամ մաքսազերծենք ապրանքը»,- 2012-ի ապրիլի 4-ին մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյան։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունն էլ է հասկանում, որ մաքսային միություններ ստեղծելու համար կարևոր նախապայմանը ընդհանուր սահմանի առկայությունն է։

«Ընդհանուր սահմանի դեպքում իսկապես տնտեսական արդյունքը շատ էական կլինի։ Երբ չկա այդ սահմանը, երբ ՄՄ-ի անդամ ես դառնում, և միջնորդավորված՝ երրորդ երկրի միջոցով ես կապ հաստատում ՄՄ-ի երկրների հետ, այդ դեպքում այդ միության մեջ մտնելու արդյունավետությունը, գոյություն ունեցող առավելությունները դառնում են զրո»,- ասաց տնտեսագետը։

Զեկույցը փաստում է՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կհանգեցնի երկրի արտաքին առևտրաշրջանառության փոփոխությանը: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2010թվականից ի վեր (այսինքն՝ Մաքսային միության գոյության ողջ ընթացքում) Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան ¾-րդը տեղի է ունենում այդ միության անդամ չհանդիսացող երկրների հետ:

Զեկույցը ևս մեկ ուշագրավ դիտարկում է անում՝ «խնդիրներ կառաջանան Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում»: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե ԱՀԿ-ի հետ խնդիրներ դժվար թե առաջանան, և իրենք պատրաստ են բանակցել:

Իսկ խնդիրները կարող են առաջանալ հետևյալ պատճառով, որի մասին խոսում է նաև զեկույցը. դառնալով ԱՀԿ անդամ՝ Հայաստանը պարտավորվել է ունենալ ցածր մաքսատուրքեր, մինչդեռ Մաքսային միությունում մաքսատուրքերի չափը միջինը երկու անգամ բարձր են հայաստանյանից: Ընդ որում, զեկույցը նշում է, թե ԱՀԿ-ի հետ տարվելիք բանակցություններում որպես բանակցող կողմ այլևս Հայաստանը հանդես չի գալու, այլ հանդես են գալու Մաքսային միության երկրները՝ «համախմբված ձևով»:

«Ինքնիշխանության կորուստ... մենք դարձել ենք ԱՀԿ-ի անդամ երկարաժամկետ բանակցությունների արդյունքում, դրանք վարել ենք որպես Հայաստանի Հանրապետություն, սուբյեկտ, և ԱՀԿ-ն, գնահատելով մեզ, առանձին պայմանագրերի միջոցով ճշտել է հարաբերությունները մեզ հետ։ Հիմա այդ հարաբերությունները, որոնք ստեղծվել են տարիների ընթացքում, զիջում ենք Մաքսային միությանը, ասում ենք՝ դու բանակցի»,- նշեց Վահագն Խաչատրյանը։

Ամփոփելով զեկույցը նշում է, որ Մաքսային միությանը անդամակցելը «կամրապնդի Հայաստանի տնտեսական դիրքերը», սակայն ընդգծում է․- «Թե որքանո՞վ կհաջողվի օգտագործել այդ ներուժը, մեծամասամբ կախված է առանցքային խնդիրների լուծումից՝ տրանսպորտ, էներգետիկա, Վրաստանի միջով երկաթուղային ու ավտոմոբիլային արտահանում, [Հայաստանի] ներդրումային գրավչության բարձրացում»:

«Այս զեկույցի առավելությունը դա է, որ գոնե այն մարդիկ, ովքեր կազմել են, ազնվություն են ունեցել ներկայացնել իրական վիճակն ու պատկերը։ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հաջողությունները պայմանավորել են «եթե»-ներով։ Ամենակարևոր «եթե»-ն Իրան-Հայաստան երկաթգիծն է, և երկրորդ «եթե»-ն՝ աբխազական երկաթգիծն է։ Հարցականի տակ են դնում, եթե կապում են Իրան-Հայաստան երկաթգծի հետ, դա առնվազն 15-20 տարվա ծրագիր է»,- ասաց Խաչատրյանը։