Շարմազանովը լավատես է, խորհուրդ է տալիս կենսաթոշային բարեփոխման մեջ «հնարավորություն տեսնել»

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի 39-ամյա փոխնախագահը հավատում է, որ երբ հասնի կենսաթոշակային տարիքի, կստանա պարտադիր կուտակային համակարգում ներդրած գումարները։

Ի պատասխան «Ազատության» դիտարկմանը, որ հասարակության մեծ մասը միևնույն է դեմ է այդ համակարգին, քանի որ մարդիկ փաստացի զրկվում են իրենց աշխատավարձի զգալի մասից և վստահություն չունեն, որ 30-40 տարի հետո այդ գումարները ետ են ստանալու, հանրապետական Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, թե պետք չէ այդքան նեգատիվ լինել, հակառակը՝ յուրաքանչյուր դժվարության մեջ պետք է հնարավորություն տեսնել։

Շարմազանով.- Դուք կարո՞ղ եք մատնանշել մի ժողովրդավարական երկիր, որտեղ այս կամ այն օրենքներից հասարակության այս կամ այն հատվածը դժգոհ չէ։ Բոլոր քաղաքացիների անունից, խնդրում եմ, ոչ մենք, ոչ էլ դուք, չխոսենք։ Ընդունվել է օրենք, իրականացվել է բարեփոխում։ Իհարկե, դա ցավոտ բարեփոխում է, բոլոր ռեֆորմներն էլ լինելու են ցավոտ, բայց մեր համոզմամբ՝ այս բարեփոխման արդյունքում մենք ոչ թե իրավիճակային լուծում ենք տալիս, այլ տալիս են համակարգային լուծում։ Մենք էլ կարող էինք հետաձգել 4-5 տարով, և ինչպես շատ պրոբլեմներ կուտակվել են և լուծում չեն ստացել 20-22 տարվա ընթացքում, մենք էլ մի տասը տարով հետաձգեինք։

«Ազատություն».- Գուցե իշխանություններին գումա՞ր է պետք։ Ձեր կարծիքով, կա՞ ժողովրդի ինչ-որ մի հատված, որն ուրախացել է այս պարտադիր համակարգի ներդրումից։

Շարմազանով.- Պրոբլեմները հետաձգելուց չեն պակասում, դրանք պետք է լուծեն։ Իշխանությունները զգացմունքներով չեն առաջնորդվում։ Ես ձեզ հավաստիացնում եմ՝ տարիներ անց այս բարեփոխման դրական արդյունքները կլինեն։

«Ազատություն».- Պարոն Շարմազանով, դուք մարդկանց այսօր ավելի վատ սոցիալական վիճակի մեջ եք դնում, մարդիկ հունվար ամսից զգալի քիչ աշխատավարձ են սկսել ստանալ։ Առանց այն էլ շատերը մի կերպ էին իրենց սոցիալական խնդիրները լուծում։ Ինչպե՞ս ապրել, հարցնում են իշխանություններին։

Շարմազանով.- Մենք մարդկանց վատ սոցիալական վիճակի մեջ չենք դնում։ Եթե մենք միայն ուզում ենք այսօրվա օրով ապրել, դա սխալ հոգեբանություն է, ապրելու համար դու պետք է վաղվա համար երաշխիք ունենաս։ Եթե յուրաքանչյուր երիտասարդ ուզում է ունենալ արժանապատիվ կյանք իր կյանքի երկրորդ կեսում, պետք է գնա այս ճանապարհով։ Ես չեմ պատկերացնում մի մարդ, ով չի ուզում ունենալ արժանապատիվ ծերություն։

«Ազատություն».- Գո՞ւցե Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը հակասահմանադրական է։

Շարմազանով.- ՍԴ-ն ինչ էլ որոշի, դա պարտադիր է բոլորիս համար։

«Ազատություն».- Ինչո՞ւ են այդ դեպքում պարտադիր պահումներ արվում, եթե ՍԴ-ի որոշումը չկա։

Շարմազանով.- Այդ հարցին պատասխանել է [աշխատանքի և սոցիալական հարցերի] նախարարը, ես ավելացնելու բան չունեմ։

«Ազատություն».- Պարոն Շարմազանով, Դուք արդեն միացե՞լ եք համակարգին։
Շարմազանով.- Բոլորս էլ միանում ենք, ի՞նչ խնդիր կա։

«Ազատություն».- Ձեր աշխատավարձից արդեն պահումներ արվե՞լ են։

Շարմազանով.- Ես կամավոր կերպով էլ միշտ ասել եմ, որ իմ աշխատավարձից պահեն, որովհետև ես երբ 2010 թվականին՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր կողմ եմ քվեարկել, կողմ եմ քվեարկել իմ համոզմունքով։ Եվ ևս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե ես համոզված չլինեի, որ այս օրենքը տարիներ անց տալու է դրական արդյունք, դեմ կքվեարկեի։

«Ազատություն».- Հույս ունե՞ք, որ Ձեր ներդրած գումարը ետ եք ստանալու։ Շատերը մտավախություն ունեն, որ այդ գումարները փոշիացվելու են։

Շարմազանով.- Եթե հանկարծամահ չլինեմ, հույս ունեմ, որ ստանալու եմ։

«Ազատություն».- Մարդիկ մտավախություն ունեն, որ համակարգն է հանկարծամահ լինելու։

Շարմազանով.- Ես կարծում, որ պետք չէ այդքան նեգատիվ և այդքան վատատես լինել։ Լինելով լավատես՝ ես յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում եմ հնարավորություն, և նույնը խորհուրդ եմ տալիս իմ սիրելի հայրենակիցներին։