Միջնորդները կշարունակեն խորհրդակցությունները կողմերի հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահի հետ, 5-ը փետրվարի, 2014թ․

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Երևանում հայտարարությամբ են հանդես եկել փետրվարի 4-5-ը տարածաշրջան կատարած իրենց այցերի արդյունքներով:

Նշելով, որ Բաքվում և Երևանում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու խորհրդակցություններ ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, միջնորդները փոխանցում են․ - «Նախագահների հետ համանախագահները քննարկեցին արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները և շեշտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների էության շուրջ հետագա առաջընթացի անհրաժեշտությունը: Նրանք ընդգծեցին ամենաբարձր մակարդակով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես համաձայնեցվել է Վիեննայում»:

Համանախագահները հայտնում են նաև, որ այցերի շրջանակներում բանակցությունների ժամանակ վերահաստատել են իրենց մտահոգությունը վերջերս շփման գծում և սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ու կողմերին կոչ արել զուսպ լինել իրենց գործողություններում և հռետորաբանությունում: «Կողմերը հայտարարեցին իրենց մտադրության մասին՝ ուժեղացնելու հրադադարի պահպանումը և խուսափելու իրավիճակի հետագա սրումից՝ հատկապես Սոչիում առաջիկա Օլիմպիական խաղերի լույսի ներքո», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում։

Միջնորդները հայտնում են, որ առաջիկա շաբաթներին կշարունակեն խորհրդակցությունները կողմերի հետ՝ նախապատրաստելու բարձր մակարդակի հանդիպումներ: