Սիրիահայերը ուշադրությամբ հետևում են ժնևյան բանակցություններին

Սիրիահայերը ժամանում են Երևան, արխիվ

Հայաստանում բնակվող սիրիահայերը ուշադրությամբ հետևում են Ժնևում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև ընթացող բանակցություններին։ Եթե նրանց սպասումներն ու ակնկալիքները տարբեր են միջազգային գագաթնաժողովից, ապա մի հարցում նրանց գերակշիռ մասը մի ցանկություն ունի՝ որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շարունակի կառավարել երկիրը։

«Չեմ կարծեր, որ մեր նախագահը իջնի, Աստված տա լավ լինի և խաղաղվի, երթանք մեր երկիրը, Ասադը լավ պահեր է մեր հայերուն ամեն տեսակով, ինչո՞ւ համար իրեն մենք չուզենք, լավ երկիրի մեջ ապրեր ենք»,- ասում է երկու տարի առաջ Հալեպից Երևան տեղափոխված Սոնյա Ճենանյանը։

Ժնևում Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններում որոշակի համաձայնություն է ձեռք բերվել: Կողմերը համաձայնել են, որպեսզի կանանց ու երեխաներին հնարավորություն տրվի լքել պատերազմական գործողությունների թատերաբեմ համարվող Հոմս քաղաքը: Այդ համաձայնությունը իշխանությունների և ընդդիմության միջև շաբաթ օրը սկսված բանակցությունների առաջին շոշափելի արդյունքն է։

Եթե ոմանք սպասելիքներ ունեն միջազգային հանրության նախաձեռնած բանակցություններից, ապա շատ սիրիահայեր թերահավատ են ու պնդում են, որ սիրիական ճգնաժամի պատճառները ոչ թե այդ երկրի ներսում պետք է փնտրել, այլ միջազգային ասպարեզում։

Հայաստանում հաստատված սիրիահայ Հրայր Ագուիլյանը ժնևյան գագաթնաժողովից հույսեր չունի և կարծում է, որ այն ձևական բնույթ է կրում։ Քանի դեռ գերտերությունները չեն կարողանում միմյանց միջև բաժանել այդ երկրից ակնկալվող իրենց օգուտներն ու շահը, ապա այս խնդիրը դեռ երկար կմնա չլուծված, կարծում է նա։

«Պարապ բան է Ժնևը, խեղկատակություն է»,- հոռետես է Ագուիլյանը։

Թե Հրայր Ագուիլյանը, թե մեկ այլ սիրիահայ Տիգրան Մքուչյանը, Ասադին պաշտպանելով, գերտերություններին են մեղադրում երեք տարի առաջ Սիրիայում սկսված հակամարտության համար։

«Որո՞ւ հոգն է սիրիացին»,- հարցնում է Ագուիլյանը.- «Եթե այսօր Ամերիկան, կամ Ռուսիան կամ արաբական որևէ երկիր կամ Թուրքիան, իր շահը ունի, կմտածե՞, թե Սուրիո հայը կամ Սուրիո արաբը ինչ վիճակի մեջ է։ Ոչ։ Ասադը, ես կկարծեմ, ոչինչ շահ ունի այս եղածեն, ընդհակառակը կկորսնցնե, բայց իր մնալը արժանապատվության հարց է»։

«Սիրիայի համար ճիշտը որ ընդդիմությունը դադարեցնի պատերազմը։ Մարդասպաններ եկեր են Սուդանից, Եգիպտոսից, Լիբիայից, Իտալիայից... ինչի՞ համար, կռվի համար։ Որո՞ւ դեմ, Ասադը իրենց նախագա՞հն է, որ եկեր են կռվի։ Ո՞վ է ուղարկում զենքը։ Եվրոպան, Ֆրանսիան, Ամերիկան...»,- ասում է Մքուչյանը։

Բարեկեցիկ կյանքի սովոր սիրիահայերից շատերն ասում են, որ խաղաղության հաստատման դեպքում կբռնեն ետդարձի ճամփան։

«Հուսամ ամեն ինչ լավ կլինի, ետ երթանք մեր քաղաք»,- ասում է Պերճ Գրբոյան

Հայաստանում այժմ բնակվում է ավելի քան 11 հազար սիրիահայ։