ՊՆ խոսնակ. «Արկածախնդրության պատասխանը շատ ցավոտ է լինելու»

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

«Հայկական կողմը ինչպես միշտ նշել է ու նորից նշում է, որ ցանկացած արկածախնդրության պատասխանը շատ ցավոտ է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Անցած գիշեր, հիշեցնենք, Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը փորձել է հերթական դիվերսիոն գործողությունն իրականացնել միանգամից 2-3 ուղղություններով, մարտի են բռնվել հայ դիրքապահների հետ: Հայկական կողմից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Մամուլի քարտուղարը նշեց, որ հակառակորդի կորուստները մեծ են. - «Մեր հաշվարկներով, նվազագույնը 4-5 կորուստ արդեն պետք է ունենան, որովհետև դիվերսիոն խմբերը թողել և փախել են նաև իրենց հանդերձանքներից որոշ բաներ են թողել, տեխնիկական միջոցներ և այլն»։

Հովհաննիսյանի խոսքով` վերջին տարիներին հակառակորդի ագրեսիվության աճ է նկատվում. - «Իբր պատերազմի վերսկսման պատրաստվող քաղաքական ղեկավարությունը փորձում է իրենց բանակի, զորքի մեջ մտցնել, էդ բարդույթը հաղթահարել, որ իրենք կարող են հաղթել, որ պարտված չեն»։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սրանից ավելի լուրջ ռազմական գործողություններ Ադրբեջանը չի իրականացնի, քանի որ դա իր շահերից չի բխում. - «Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, առաջինը, որ համաձայն չէ ստատուս քվոյի իրավիճակին: Երկրորդը, որ այդ ռազմական սպառնալիքները ինչ-որ լրջություն իրենց մեջ պարունակում են: Եվ երրորդը` ցույց տալ միջազգային հանրությանն և հայկական կողմերին, որ Ադրբեջանը համաձայն չի այն գործընթացին, որը որ պահպանվում է ղարաբաղյան հիմնահարցի շուրջը»:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև նորակոչիկների մահվան դեպքերին: Այսօր էջմիածնի հիվանդանոցում մահացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված, ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանը։ Իսկ մի քանի օր առաջ, նույնպես հիվանդության պատճառով, Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մահացել էր Հայկ Մակարյանը։

«Սա այն դեպքը չի, որ, ասենք, զինվորին չեն աջակցել, հիվանդ է եղել, տեր չեն կանգնել: Չկա նման բան, զինվորին տեր են եղել, հասցրել են հիվանդանոց, բայց չեմ կարող ասել, թե ինչ հիվանդությամբ: Քննությունը ցույց կտա։ Բայց լինում են հիվանդություններ, որոնք այնպես են զարգանում, որ նույնիսկ բժիշկը կողքը կանգնած, համապատասխան ներարկումներն անում է, համապատասխան միջոցառումները կատարելուց հետո էլ հիվանդին փրկել չի ստացվել», - ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ մինչև բանակ զորակոչվելը նորակոչիների բուժզննումն իրականացվել է խախտումներով, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Բարեբախտաբար այդ պատճառով դեռ կորուստ չենք ունեցել, եղած կորուստները դրա հետ ոչ մի կապ չունեն։ Չնայած հավաստել, որ ընդհանրապես ոչ ոք ոչ մի հարցում չի թերացել, մի քիչ միամտություն կլինի։ Իհարկե, անմեղություն չի, տրամադրված չենք, որ ինչ-որ մեկը չի պատժվելու: Եթե քննությունը պարզի, որ որևէ մեկը նույնիսկ մի րոպե է ուշացրել իր գործը կամ մի հարցում թերացել է, կպատժվի»: