«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը խոսում է «ռինգի» մասին

«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դժգոհեց հասարակությունից:

Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու որոշումից հետո Հայկական բանակի սպա, զինվորական բժիշկ, երկու երեխայի հայր Վահե Ավետյանին հարվածելու պատասխանատվությունը ստանձնած Նորայր Հայրապետյանն այսօր արտահայտեց սեփական պատկերացումները սպայի, արդարադատության և 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին․ - «Հասարակությունն է՞ ինձ դատում: Այ եթե լիներ հակառակը․ եթե ես մեռնեի, գալու էի՞ն ասեին՝ «Հարսնաքարում» տղա է մեռել, սպանողը եղել է սպան, սպան մեղավոր է: Ոչ, հակառակն էին ասելու․ ասելու էին սպան ճիշտ է, այդ տղան էլ իրեն լավ չի պահել, դրա համար է մեռել: Դա թող հասարակությունը լավ իմանա»:

Դատավորի միջամտությունից հետո էլ ամբաստանյալը շարունակեց բողոքել «Հարսնաքարում» տեղի ունեցածից հետո Վահե Ավետյանի մահվան մեղավորներին պատժելու պահանջներից․ - «Տղա եմ, փորձանքի մեջ եմ ընկել, խփել եմ այդ տղային (Վահե Ավետյանին), վնասվածք է ստացել, ի՞նչ կարիք կա՝ այսքան․․․ այս ի՞նչ է դառել, հոգնել ենք արդեն այս վիճակից»:

Ամբաստանյալ Հայրապետյանն ընդգծեց, որ մարզիկ է և դժգոհեց դատախազի պահանջած 13 տարվա պատժաչափից․ - «Ոչ զենքով եմ խփել, ոչ փայտով եմ խփել, ոչ դիտմամբ եմ խփել․․․ խփել եմ, հարված եմ հասցրել: Նույն բանը ռինգում էլ է լինում, մրցումների ժամանակ խփում են, գլուխդ կպնում է գետնին, մեռնում է: Հիմա այդ սպորտսմենը ի՞նչ անի․․․ Հանցագործություն եմ արել, ես չեմ խուսափում, բայց ինչո՞ւ 13 տարի»:

Հիշեցնենք՝ Նորայր Հայրապետյանը քրեական գործի նյութերում՝ նախաքննական ցուցմունքներում, հիշատակված է որպես «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ:

Ամբաստանյալ, մատուցող Դավիթ Ադամյանն ու նրա պաշտպանը շարունակեցին այս գործով տուժող կողմին մեղադրել: Ադամյանի պաշտպանը ևս փորձեց ապացուցել, թե իր պաշտպանյալն անմեղ է:

Ըստ գործի նյութերի, «Հարսնաքարում» Վահե Ավետյանը մահացու հարվածներ էր ստացել այն բանից հետո, երբ Ադամյանն առաջինն էր հարվածել Ավետյանի դեմքին: Ի դեպ, պաշտպանն իր ճառով խրատեց՝ «ցանկացած հասարակական վայր կամ հիմնարկ մտնելիս անձը պետք է հանի գլխարկը»: Ամբաստանյալները ցուցմունք են տվել, որ Ավետյանը գլխարկով է եղել:

Այսօր ճառով հանդես եկավ նաև Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Նա ասաց, թե ինքն էլ է լինում զվարճանքի վայրերում, ապա ավելացրեց՝ «իհարկե, միջոցառումներ են լինում, որ վատ են ավարտվում»: Թովմասյանը հիմնականում անդրադարձավ հենց Դավիթ Ադամյանին, իսկ իր պաշտպանյալի վերաբերյալ եզրահանգումներ հրապարակելիս՝ դատարանից պահանջեց նրան դատապարտել միայն կատարած արարքի համար:

Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պահանջեց արդարացնել Բաղդասարյանին՝ նշելով, թե Բաղդասարյանը դեպքի պահին հեռախոսով խոսելիս է եղել:

Դատական վիճաբանությունների փուլում պաշտպանական կողմը շարունակում է բազմաթիվ մեղադրանքներ հասցեագրել տուժող կողմին:

Հաջորդ նիստին ճառով հանդես կգա այս գործով վեցերորդ՝ վերջին ամբաստանյալի՝ Կյաժ մականունով հայտնի Արման Խաչատրյանի պաշտպանը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին: