Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործ. պաշտպանը միջնորդեց համաներում կիրառել


«Հարսնաքարի» գործով դատական նիստ, արխիվ
«Հարսնաքարի» գործով դատական նիստ, արխիվ
«Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալներից վարորդ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանն իր պաշտպանական ճառով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից պահանջեց դատավճիռ կայացնելիս Արթուր Բաբլոյանի նկատմամբ կիրառել համաներման ակտը, քրեական գործը կարճել նրա մասով։

Բաբլոյանը դատաքննության ամբողջ ընթացքում չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն երբ խորհրդարանն արդեն որոշում էր ընդունել համաներում հայտարարելու մասին, ստանձնեց տուժող, զինվորական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին հարվածելու պատասխանատվությունը:

Արթուր Բաբլոյանը, մյուս ամբաստանյալների նման, մեղադրվում է զինվորական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցնելու, այս գործով մյուս տուժողներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Տուժող կողմը բազմիցս հայտարարել է, որ Վահե Ավետյանի մահվան համար անհրաժեշտ էր առաջադրել սպանության մեղադրանք: Այդ պնդումը տուժող կողմը ներկայացրել էր նախաքննության ժամանակ: Սակայն, նախաքննական մարմինն անտեսելով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները, գործի բացահայտման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներն այդպես էլ չբացահայտեց և ամբաստանյալներին առաջադրեց ոչ թե սպանության, այլ Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցնելու մեղադրանք:

Եվ ահա այսօր Բաբլոյանի պաշտպանը, վկայակոչելով իրավապահ համակարգի թույլ տված խախտումները, փորձեց ապացուցել, որ մեղադրանքը ներկայացվել է ենթադրություններով: Պաշտպանը նաև փորձեց վերահաստատել վարկածը, թե տուժողները հայհոյել են «Հարսնաքարի» աշխատակիցներին՝ ամբաստանյալներին, և որ դրա հետևանքով էլ տեղի է ունեցել ծեծ: Այս վարկածը հերքվել էր մեղադրական եզրակացությամբ և մեղադրական ճառով: Դատախազը պնդել էր, որ տուժողներին հայհոյանքներ վերագրելը հետապնդում է քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ:

Ուշագրավ է, որ թեև Բաբլոյանը դատարանին հայտնել էր, թե ծեծել է տուժող, զինվորական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին, նրա պաշտպանը կտրականապես հերքեց պնդումները, թե Բաբլոյանն առհասարակ մասնակից է եղել ծեծին:

Մյուս ամբաստանյալի՝ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր ճառը սկսեց մեղադրելով «Հարսնաքարի» գործի վերաբերյալ պահանջներ հնչեցրած քաղաքացիական հասարակությանը, իրավապաշտպաններին, լրագրողներին և անհատ քաղաքացիներին՝ մարդասպանության հետևանքով «Հարսնաքարի» աշխատակիցներին պատժելու պահանջների կապակցությամբ։

«Բոլորի միահամուռ պահանջը եղավ, որպեսզի սույն քրեական գործով օրենքի խախտմամբ ձերբակալված և որպես մեղադրյալ ներգրավված բոլոր անձինք միանշանակ դատապարտվեն առանձնապես ծանր հանցագործության դատապարտման համար և ենթարկվեն այդ հանցագործության համար նախատեսված առավելագույն պատժին»,- ասաց պաշտպանը։

Նորայր Հայրապետյանը համաներում հայտարարելու մասին խորհրդարանի որոշումից հետո ստանձնել էր Վահե Ավետյանին հարվածելու պատասխանատվությունը, թեև մյուսների նման մեղադրվում էր բոլոր տուժողներին ծեծելու, Վահե Ավետյանին մահվան հասցնելու մեջ: Պաշտպանը հարցադրում հնչեցրեց.- «Մի՞թե որևէ մեկը կասկած ունի, որ եթե մեզանից յուրաքանչյուրը նույնպես դեպքի ժամանակ աշխատեր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում և ընդամենը դեպքին ներկա լինելու հիմքով նախաքննական մարմնի կողմից նրա վերաբերյալ նույնպես առանց ապացույցների բավարար համակցության մեղադրական եզրակացություն կազմվեր, նա նույնպես արժանանալու էր այս նույն գնահատականին և վերաբերմունքին, ինչ ներկայիս ամբաստանյալները»։

Մյուս ամբաստանյալների պաշտպանները ճառով հանդես կգան հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 25-ին:
XS
SM
MD
LG