Պարտադիր կուտակայինին ընդդիմացողներին նախագահի պատասխանը «ոչինչ չի տվել»

Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման, արխիվ

«Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակայինին» նախաձեռնության անդամները օրերս ստացել են հանրապետության նախագահին ուղղված իրենց նամակի պատասխանը, որին, սակայն նախագահն անձամբ չի պատասխանել, այլ ուղարկել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:

Կենսաթոշակային վիճահարույց բարեփոխումներին ընդդիմացող քաղաքացիները դեռ անցած տարի նախագահին նամակ էին հանձնել՝ օրենքին առնչվող իրենց մտահոգություններով: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նամակի շուրջ առաջացած քննարկումների ընթացքում կարծիք էր հնչել, որ 4190 ստորագրություններով նամակն այդպես էլ չարժանացավ հենց նախագահի ուշադրությանը:

Նախաձեռնության անդամ Մարիաննա Քալեջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե այսպես նախագահն իր վերաբերմունքն է հայտնել օրենքին ընդդիմացողներին, հատկապես, որ նա իր դրական դիրքորոշումը հայտնել էր այս հարցի վերաբերյալ: Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, այն, ըստ ակտիվիստի, հերթական ոչինչ չասող պատասխանն էր:

«Տվել է ստանդարտ, շաբլոն պատասխան։ Փաստարկները, որոնք դրանից առաջ մեզ որպես հակափաստարկ ներկայացնում էին, թեթևակի տեղերով տեղափոխված վիճակում էին հայտնվել։ Այսպիսի պատասխան էր, որը բովանդակային առումով մեզ որևէ բան չի տալիս»,- ասաց Քալեջյանը։

Նամակում նշված կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու գործոններից մեկը երկրի ժողովրդագրական իրավիճակն է.- «Սերունդների համերաշխության սկզբունքով գործող բաշխողական՝ պետական, կենսաթոշակային համակարգը, որը գործում է ՀՀ-ում, խիստ զգայուն է ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումների նկատմամբ»։

Խոսքը, մասնավորապես, ծնելիության նվազման մասին է։ Սակայն կխթանի արդյոք այս նոր օրենքը ծնելիության աճին, հատկապես, որ համաձայն այս օրենքի՝ կինը երկընտրանքի առջև է կանգնում՝ կամ աշխատել և կուտակել ծերության համար, կամ երեխա ունենալու համար հրաժարվել աշխատանքից, և ուստի չաշխատած տարիների համար փող չկուտակել ապահով ծերության համար:

«Քանի որ կինը այդ ընթացքում չի աշխատում և եկամուտ չունի, ապա այդ ժամանակահատվածի համար զրկվում է գումար կուտակելու հնարավորությունից, առավել ևս եթե ցանկություն հայտնի մինչև երեխայի երկու տարին լրանալը մնալ տանը և խնամել իր բալիկին»,- նկատում է Քալեջյանը։

Ժողովրդագրական խնդիրը որպես կարևոր հանգամանք առաջ բերելով՝ նամակում ասվում է, որ ձևավորվում է մի իրավիճակ, երբ բնակչության ընդհանուր թվի մեջ կենսաթոշակ ստացողների տեսակարար կշիռն աճում է, իսկ աշխատանքային տարիքի անձանց տեսակարար կշիռը նվազում, այլ կերպ ասած՝ արձանագրվում է բնակչության ծերացում: Օրենքին ընդդիմացողները, սակայն, պնդում են, որ այս նոր օրենքը չի լուծի բնակչության ծերացման խնդիրը, հակառակը՝ էլ ավելի կսրի այն:

«Երիտասարդ, աշխատունակ ժողովրդի մասը ստիպված կլինի լքել երկիրը, որովհետև եկամուտները զգալիորեն են կրճատվելու, և օրենքը, որ ուղղված է այդ հարցերը լուծելուն, բացարձակապես այլ դեր է խաղալու»,- ասում է ակտիվիստը։

«Ընդդեմ պարտադիրին» նախաձեռնության անդամներին ուղղված նամակն ավարտվում է երկրի Սահմանադրության մեջբերմամբ, որտեղ ասված է, որ պետության պարտավորությունն է անձին բավարար կենսամակարդակ ապահովելու ուղղությամբ պետության կողմից միջոցներ ձեռնարկելը: Մասնագիտությամբ իրավաբան, օրենքին ընդդիմացող Մարիաննա Քալեջյան ասում է, որ այդ պարտականությունը փաստորեն պետությունը այս օրենքով դնում է քաղաքացու վրա.- «Պետությունը փորձում է քաղաքացիների ուժերով, քաղաքացիների միջոցներով դրանք մի կերպ լուծել»։

Այդուհանդերձ, ակտիվիստը հույս է հայտնում, է որ այս անգամ էլ նամակի միջոցով իշխանությունների հայտնած դիրքորոշումը օրենքի վերաբրեյալ ճնշում չի լինի Սահմանադրական դատարանի վերջնական որոշման վրա: Օրենքի դեմ պայքարելու միջոցները շատ են, վստահեցնում են ակտիվիստները և արդեն այսօրվանից պատրաստվում հունվարի 18-ին տեղի ունենալիք հանրահավաքին: